Մատչելիության հղումներ

Այսօր Բեռլինում կբացվի Հայաստանի դեսպանատան նոր շենքը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր մեկնում է Բեռլին, ուր երեկոյան կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը, գերմանացի քաղաքական գործիչներ, Բեռլինում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Դեսպան Ղազինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դեսպանատան շենքը Բեռլինի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում է: Ըստ նրա, դա շատ գեղեցիկ առանձնատուն է, «եւ նման գեղեցիկ շենք ունենալը իսկապես հաճելի է, մանավանդ Եվրամիության այնքան կարեւոր երկրում, ինչպիսին Գերմանիան է»:

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց դա անել, որովհետեւ նախորդ դեսպանատունը բավական հեռու էր՝ թե վարչական կենտրոնից, թե ընդհանրապես կենտրոնից, մենք մեկուսացած էինք», - ասաց Կարինե Ղազինյանը: - «Իսկ այս շենքը եւ հեղինակավոր թաղամասում է գտնվում, եւ գեղեցիկ տեսք ունի»:

Նա հայտնեց, որ դեսպանատան նոր շենքը 1930 թվականի շինություն է, բայց 1993-94 թվականներին լրիվ վերականգնվել է:

Թեեւ Հայաստանի դեսպանության անձնակազմը արդեն մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է նոր շենք, բայց, ինչպես նշեց դեսպան Կարինե Ղազինյանը, «քանի որ գիտեինք, որ նախագահի այցը ակնկալվում է շուտով, մենք ցանկացանք, որ հենց նախագահի այցի շրջանակներում տեղի ունենա բացման արարողությունը»:

Սա նախագահ Ռոբերտ Քոչարյանի երրորդ այցն է Գերմանիա: Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահի եւ Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG