Մատչելիության հղումներ

Խավիեր Սոլանա. «Եվրամիության հետ կնքված համաձայնագիրը շատ բան կտա հայաստանցիներին»


«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ:

«Ազատություն». Ի՞նչ կտան տարածաշրջանի ժողովուրդներին Եվրամիության հետ ստորագրված Գործողությունների ծրագրերը:

Սոլանա. Սա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների հետ համագործակցության ծրագիր է: Դրա նպատակն է՝ երեք երկրներն է'լ ավելի մոտեցնել Եվրամիությանը մի մեխանիզմով, որը մենք կիրառել ենք այն երկրների հանդեպ, որոնք ի վերջո դարձան Եվրամիության անդամ: Կարեւորն այն է, որ այս ծրագրերի շուրջ համաձայնություն է կայացվել տվյալ երկրների եւ Եվրամիության միջեւ, այսինքն՝ ոչ թե Եվրամիությունն է կառավարելու ձեր երկրները, այլ դուք ինքներդ եք ձեզ կառավարելու եւ օգնություն ստանալու Եվրամիությունից: Եթե կառավարությունը պատշաճ է, եթե այն ճիշտ բաներ է անում, օգնությունն էլ համապատասխան կլինի:

«Ազատություն». Իսկ եթե կառավարությունը պատշաճ չէ՞:

Սոլանա. Այդ դեպքում կառավարության հետ համագործակցությունն էլ կնվազի: Եթե կառավարությունը օգուտ է քաղում իրեն հատկացվող օգնությունից, հարեւանության քաղաքականությունը ենթադրում է շարունակել օգնության տրամադրումը եւ խորացնել համագործակցությունը: Որքան ավելի լավ բաներ անեք, այնքան ավելին կստանաք: Իսկ եթե կառավարությունը թերանա, այն ավելի քիչ կստանա: Սա այն քաղաքական տեխնոլոգիան է, որը նույնությամբ կիրառվել է այն երկրների հանդեպ, որոնք Եվրամիության անդամ են դարձել՝ հատված առ հատված, կետ առ կետ՝ այնպիսի եղանակով, որը կիրառելու հսկայական փորձ ունենք:

«Ազատություն». Արդյո՞ք Գործողությունների ծրագրում որեւէ բան կա «սառեցված հակամարտությունների» մասին: Ինչպե՞ս է պատրաստվում Եվրամիությունը օգնել երկրներին տարածաշրջանային համագործակցության բնագավառում:

Սոլանա. Այս երկրներն աշխարհի շատ ուրույն վայրում են գտնվում՝ նրանք մոտ են Եվրամիությանը, Սեւ եւ Կասպից ծովերին, նրանք միացնում են մոլորակի երկու հատվածները, ուստի կարող են շատ կարեւոր դեր խաղալ: Բայց մենք կցանկանայինք նաեւ, որ այդ երեք երկրները աշխատեն միմյանց հետ, եւ դա էլ ձեզ հետ համաձայնեցված ծրագրերի կարեւորագույն նպատակներից է: Մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ որպես տարածաշրջանի, ինչի արդյունքում հակամարտությունները պետք է կարգավորվեն, այլապես շատ դժվար կլինի տարածաշրջան կերտել` եթե դուք հակամարտեք միմյանց հետ: Ուստի մենք ուզում ենք ունենալ մի տարածաշրջան, որտեղ երկրներն աշխատում են միմյանց հետ, որտեղ նրանք համատեղ զարգանում են եւ ըմբոշխնում են միասնաբար աշխատելու բոլոր առավելությունները, ինչն ուղեկցվում է ձեր ասած «սառեցված հակամարտությունների» կարգավորմամբ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք խթան կհանդիսանանք խաղաղության հաստատման գործում, այլ ոչ թե հակառակը:

«Ազատություն». Արդյո՞ք տարածաշրջանի երկրները իսկապես կիսում են եվրոպական արժեքները, թե՞ դուք պարգեւատրում եք նրանց ինչ֊-որ գործոններից ելնելով: Օրինակ, քննադատները պնդում են, թե Ադրբեջանի դեպքում նման գործոնը նավթն է:

Սոլանա. Ձեր բերած օրինակը շատ սխալ է, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ նավթային գործարք չունենք: Մենք ունենք փոխըմբռնման հուշագիր, բայց էներգիայի մեծ մասը մենք Ադրբեջանից չէ, որ ստանում ենք: Մեզ համար Ադրբեջանը էներգիայի աղբյուր չէ: Մենք ուզում ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը զարգանան, որովհետեւ դրանք կարեւոր երկրներ են: Այն արժեքները, որոնք մենք կիսում ենք՝ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության արժեքներն են: Եվ մենք ձեզ հետ համաձայնեցրել ենք Գործողությունների ծրագիր, որը պահանջում է, որպեսզի կառավարությունը ոչ միայն պատշաճ գործի տնտեսության բնագավառում, այլեւ պահպանի այն ժողովրդավարական արժեքները, որոնց մենք եւ դուք դավանում ենք:

«Ազատություն». Կարո՞ղ են արդյոք այս երկրները հույս փայփայել, որ մի օր կդառնան Եվրամիության անդամ:

Սոլանա. Եվրամիությունը պետությունների մի խումբ է, որը լավ եւ ամուր կապեր ունի մնացյալ աշխարհի հետ: Եվ ձեր ասած երկրները մոտ են Եվրամիությանը աշխարհագրական տեսակետից եւ արժեքների տեսակետից: Բայց մոտ լինել Եվրամիությանը՝ չի նշանակում դրա մասը լինել: Մենք այդ երկրների հետ համագործակցության շատ բովանդակալից համաձայնագրեր կարող ենք ստորագրել, բայց անդամակցությունն այլ պատմություն է… Մենք երբեք չենք ասում «ոչ», մենք միշտ ասում ենք՝ եկեք առաջ շարժվենք, համագործակցենք, որքան դա հնարավոր է:

«Ազատություն». Իսկ ի՞նչ եք դուք ասում Թուրքիային Հայաստանի հետ փակ սահմանի վերաբերյալ:

Սոլանա. Ես միշտ նրանց ասել եմ, որ անհրաժեշտ է եւ լավ է Թուրքիայի եւ Հայաստանի համար, որ սահմանները բացվեն: Մենք բոլոր դեպքերում փակ սահմանների կողմնակից չենք, մենք կողմնակից ենք բաց սահմանների, առեւտրի, մարդկանց եւ ապրանքի տեղաշարժի, ինչը շատ կարեւոր է գլոբալացված աշխարհում, որտեղ դու չես կարող փակ լինել: Ուստի մենք դա ենք ասում եւ շատ կցանկանայինք, որ Հայաստանը եւ Թուրքիան համագործակցեին: Պատմությունը պատմություն է, մենք պետք է նայենք դեպի ապագան, ոչ թե դեպի անցյալը:

«Ազատություն». Կարո՞ղ է արդյոք Կոսովոն նախադեպ դառնալ այլ հակամարտությունների կարգավորման համար:

Սոլանա. Որեւէ հակամարտություն մյուսին նման չէ: Հակամարտությունները սովորաբար ունենում են պատճառներ, զարգացում եւ լուծում: Եվ շատ քիչ հավանական է, որ այս երեք տարրերն էլ համընկնեն տարբեր հակամարտությունների դեպքում: Դուք կարող եք դասեր քաղել որեւէ հակամարտությունից, բայց չեք կարող օգտագործել նույն մոդելը: Կլոնավորումը հնարավոր չէ:


Հրայր Թամրազյան, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG