Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրեց «ԱրմենՏել»-ի վաճառքը


Երեքշաբթի օրը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունական OTE կորպորացիային թույլ տվեց ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» ընկերությանը վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԱրմենՏել»-ի 90 տոկոս բաժնեմասը:

«ԱրմենՏել»-ի ղեկավար Վասիլիոս Ֆետսիսը ասաց, թե «երջանիկ է,
բաժնետոմսերը «ՎիմպելԿոմ»-ին փոխանցելու համար, որը «մեծ փորձառությամբ եւ այս ոլորտում լավ համբավ ունեցող ընկերություն է, վստահելի օպերատոր»:

«ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսանոց փաթեթի համար «ՎիմպելԿոմ»-ը վճարելու է 341 միլիոն 900 հազար եվրո եւ ստանձնելու է «ԱրմենՏել»-ի 40 միլիոն եվրոյի պարտավորությունների կատարումը:

«ՎիմպելԿոմ»-ի ներկայացուցիչ եւ ապագայում «ԱրմենՏել»-ի հավանական գլխավոր տնօրեն Օլեգ Բլեզնյուկը հայտարարեց, որ «մեծ ծրագրեր» ունեն Հայաստանում:

Ընդհանուր առմամբ 54 միլիոն բաժանորդ ունեցող ընկերությունը Ռուսաստանից բացի աշխատում է Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում եւ Վրաստանում: Հայաստանում ընկերությունը 2007 թվականին կկատարի 100 միլիոն դոլարի ներդրում:

Բլեզնյուկը հատուկ շեշտեց, որ իրենք դեմ են ամեն տեսակի մենաշնորհների:

Հարցին, թե արդյո՞ք ռուսաստանյան ընկերությունը մենաշնորհից հրաժարվում է` արձագանքելով Հայաստանի կառավարության առաջարկին, կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանը պատասխանեց. - «ՎիլպելԿոմ»-ը ինքը մոտեցավ այդ խնդրով եւ հայտարարեց, որ մենաշնորհներով հետաքրքրված չէ ընդհանրապես եւ շատ կարճ ժամկետներում այդ մենաշնորհից պիտի ձերբազատվի ամբողջությամբ: Անմիջապես այս գործարքն ամբողջանալուց հետո հրաժարվելու է ինտերնետի միջազգային կապի տվյալների փոխանցման մոնոպոլիայից: Նաեւ հրաժարվելու են միջազգային ձայնային կապի մոնոպոլիայից այն չափով, որ վերաբերում է «ՎիվաՍել»-ին»:

Յաղուբյանը հավելեց, որ մեկ տարվա ընթացքում ռուսաստանյան ընկերությունը հրաժարվելու է բոլոր մենաշնորհներից:

Օլեգ Բլեզնյուկը վստահեցրեց, թե իրենց կապահովեն ավելի որակյալ կապ, կմատուցեն ավելի շատ ծառայություններ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG