Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հաջորդ տարի կայցելի Ֆրանսիա


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաջորդ տարի պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, այցի կոնկրետ ժամկետները դիվանագիտական խողովակներով կճշտվեն դեկտեմբերին:

Ֆրանսիա այցելելու հրավերը ստացվել է նախագահ Ժակ Շիրակի սեպտեմբերյան այցի ընթացքում:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այսօր Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սերժ Սմեսովը իր հավատարմագրերն է հանձնել Ռոբերտ Քոչարյանին:

«Կողմերը երկու երկրների հարաբերությունները գնահատելով գերազանց, դրա վառ վկայությունն են համարել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պետական այցը Հայաստան, Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, ինչպես նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հաջորդ տարի Ֆրանսիա նախատեսվող պաշտոնական այցը»,֊ - ասված է հաղորդագրության մեջ:

Հաջորդ տարվա մարտին Ֆրանսիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնց Ժակ Շիրակը չի մասնակցելու, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է:

Մասնագետների կարծիքով՝ նախագահության ամենահավանական թեկնածուներից մեկը ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG