Մատչելիության հղումներ

Երեւանի մայրաքաղաքային գնդում այսօր տեղի ունեցավ խաղաղարար առաքելությամբ Կոսովո մեկնող հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությունը: 34 հոգուց բաղկացած դասակը Կոսովոյում Հունաստանի խաղաղապահ գումարտակի կազմում ծառայություն է իրականացնելու 6 ամիս:

Դիմելով Կոսովո մեկնող դասակի անձնակազմին՝ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը շեշտեց, որ Հայաստանը հերթական անգամ փաստում է միջազգային խաղաղապահ առաքելություններին իր ներդրումը բերելու պատրաստակամությունը:

Փոխնախարարի խոսքերով, չնայած փորձի պակասին, անցած երկու տարիների ընթացքում հայ խաղաղապահներն իրենց ծառայությամբ, մասնագիտական պատրաստվածությամբ եւ պատասխանատվությամբ արդեն իսկ վստահելի գործընկերոջ համբավ են ձեռք բերել, ինչը կարեւոր հիմք է Հայաստանի խաղաղապահ ուժերի ստեղծման համար: Խաղաղապահ գումարտակը, ըստ Արթուր Աղաբեկյանի, դառնալու է պրոֆեսիոնալ բանակի հիմքը:

«Մենք ակնկալում ենք, որ ապագայում այս գումարտակը կվերածվի բրիգադի», - ասաց պաշտպանության փոխնախարարը: - «2007 թվականին նախատեսում ենք սկսել երկրորդ գումարտակի ստեղծման գործընթացը: Եվ աստիճանաբար խաղաղապահ բառը պետք է վերացնենք՝ գումարտակը պետք է լինի հրաձգային, պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրված եւ պետք է հանդիսանա Հայաստանի զինված ուժերի հիմնական, մարտունակ ստորաբաժանումներից մեկը. այսօր իրականացնի խաղաղապահ առաքելություն, վաղը՝ անհրաժեշտության դեպքում, առաքելություն կատարի Հայաստանի սահմաններում»:

Հայաստանի զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցում են 2004 թվականի սկզբից:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG