Մատչելիության հղումներ

logo-print

«Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայում եւ Հայաստանում


ՆԱՏՕ-ի առաջիկա՝ 2007 թվականի ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 13-ը նախանշված «Համատեղ ձգտում» զորավարժությունները ծրագրվում է անցկացնել Գերմանիայում եւ Հայաստանում: Այս մասին այսօր հայտնեց Հայաստանի զինված ուժերի կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության ներկայացուցիչ, գնդապետ Սամվել Աթոյանը Երեւանում բացված «Համատեղ ձգտում-2007» միջազգային հնգօրյա համաժողովում:

«Հաջողության հասնելու դեպքում հնարավոր է, որ 2008 թվականից մեր երկիրը դառնա բուն զորավարժությունների անցկացման մշտական վայր», - նշեց նա:

Զորավարժությունները նպատակ ունեն փորձարկել տարբեր երկրների զինված ուժերի միջեւ կապի եւ հեռահաղորդակցության միջոցները, ինչի արդյունքում կբացահայտվեն տարբեր սարքավորումների եւ անձնակազմի համատեղելիությանը խոչընդոտող պայմանները:

«Համաժողովի մասնակից երկրների հետ հենց այս հարցերն էլ նախատեսում ենք քննարկել, իսկ հավաքի ավարտին կընդունենք համատեղ փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն համատեղելիության բոլոր սկզբունքները», - լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Աթոյանը:

Համաժողովին մասնակցում են 260 ներկայացուցիչներ 38 երկրներից, ինչպես նաեւ երկու կազմակերպություններից՝ ՆԱՏՕ-ից եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում խաղաղարար գործունեություն իրականացնող կոալիցիոն ուժերի բրիգադից:

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ներկայացել երեւանյան համաժողովին, թեեւ, գնդապետ Աթոյանի հավաստմամբ, նախապես մասնակցության համաձայնություն տվել էին: Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցեն արդյոք այդ երկու երկրները զորավարժությունների՝ Երեւանում կայանալիք փուլին, թե՝ ոչ:

ՆԱՏՕ-ի «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունների ղեկավար, փոխգնդապետ Ժոզեֆ Անջելը դժվարացավ մեկնաբանել համաժողովին երկու երկրների բացակայության պատճառը, հույս հայտնելով, որ առաջիկա զորավարժություններին նրանք կմասնակցեն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում նա նաեւ բարձր գնահատեց Հայաստանի հետ համագործակցությունը եւ Հայաստանի զինված ուժերի պատրաստվածությունը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG