Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի վերլուծաբանը չի բացառում տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցում համաձայնության կայացումը


Ադրբեջանցի առաջատար վերլուծաբաններից մեկը` Ռասիմ Մուսաբեկովը, ամենեւին չի բացառում, որ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հարցում ինչ-որ համաձայնություն, այնուամենայնիվ, կարող է կայացվել:

«Չեմ կարող ասել, թե լավատես եմ, պարզապես, երբ խոսում էին 2006 թվականի մասին, չէին ասում, թե խոսքը 2006-ի հունվարի 1-ից մինչեւ 2007-ի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանում բացված ինչ-որ առասպելական «պատուհանների» մասին է», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասաց ադրբեջանցի քաղաքագետը:

Նրա պատկերացմամբ, այդ գործընթացը կարող է շարունակվել նաեւ 2007 թվականի առաջին եռամսյակի ընթացքում. - «Համաձայնություն կայացնելու ինչ-ինչ հնարավորություն կա անգամ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ»:

Նշելով, որ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում հաջորդելու է նախագահական ընտրարշավը, Մուսաբեկովը կարծիք հայտնեց, որ հանրապետության երրորդ նախագահ դառնալու՝ այս պահի ամենահավանական երկու թեկնածուները` արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հետագա բանակցությունների ժամանակ մանեւրելու շատ ավելի լայն հնարավորություն կունենան, քան գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր:

Ադրբեջանցի քաղաքագետը, սակայն, կարծում է, որ պաշտոնավարման վերջին շրջանում Քոչարյանը վերածվել է ղարաբաղյան բանակցությունների առանցքային գործող անձի:

«Եթե հաշվի առնենք, որ Քոչարյանը չի պատրաստվում երրորդ անգամ առաջադրվել, նա որոշակիորեն ազատ է եւ կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական դեր խաղալ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - համոզված է Ռասիմ Մուսաբեկովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG