Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան» թերթը «Երեկ Վանո Սիրադեղյանը 60 տարեկան դարձավ» վերնագրի ներքո գրում է. - «Ո՞ւմ հետ բաժակ բարձրացրեց, բարձրացրե՞ց արդյոք, թե՞ նստեց ու մի առավել տաղանդավոր պատմվածք գրեց Մենակի մասին… Չգիտենք»:

Արձանագրելով, որ կիրակի օրը Հարավային Օսիայում անցկացված անկախության հանրաքվեն եւ նախագահական ընտրությունների սցենարը «նախագծվել եւ վերահսկվել է Մոսկվայից»` «Առավոտ» թերթի խմբագրականն այսօր եզրակացրել է. - «Մոսկվան որեւէ միջազգային նորմ չխախտելով եւ իրեն ապահովագրելով հարեւանից տարածք զավթողի անցանկալի իմիջից, միեւնույն ժամանակ, իր արեւմտյան ընդդիմախոսներին հստակորեն հասկացնում է, որ խնդրո առարկա տարածաշրջանը, կոպիտ ասած, իր անձնական բոստանն է, որտեղ ինքը ունի կենսական շահեր, ինչպես նաեւ ռեսուրս` իր անձնական շահերն իրացնելու համար»։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությանը անդրադառնալով` «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առնվազն առաջիկա մեկուկես - երկու տարում որեւէ առաջընթաց չի կարող արձանագրվել պարզ է թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին եւ թե կողմերին։ Այնպես որ, բանակցությունները շարունակվում են ընդամենը արտաքուստ, երկխոսությունը պահպանելու նպատակով»։

Իր հերթին հոռետեսորեն գնահատելով մոտ ապագայում ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Ժամանակ - Երեւան» թերթի հարցազրույցում պատճառաբանել է. - «Կարգավորման հասնելու հնարավորություններ միշտ էլ կան, կողմերի մոտ բացակայում է կարգավորման հասնելու ճանապարհին անհրաժեշտ քաղաքական կամքը, քաղաքական խիզախությունը, բացակայում է անհրաժեշտ աշխատանքը՝ հասարակություններին հավասարակշռված, երկկողմանի փոխզիջումների նախապատրաստելու ուղղությամբ, իսկ առանց դրանց խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց չի կարող արձանագրվել»։

«Հազարամյակի մարտահարվերներ» կորպորացիայի գումարներն ստանալու հավանականության շուրջ իր դատողությունները փոխանցելով` «Իրավունք»-ի գլխավոր խմբագիրն այսօր կանխատեսել է. - «Ինչքան էլ տարբեր նախարարները, վարչապետն էլ՝ վրադիր, լավատեսական կանխատեսումներ անեն, միեւնույն է, «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպության հորդորը՝ Հայաստանին զրկելու այդ գումարներից, մնում է ուժի մեջ։ Իսկ «Ֆրիդոմ հաուսը» շատ լուրջ բաներ էր ի ցույց դրել՝ եւ խոսքի ազատության դեմ շարունակական հալածանքները, եւ ժողովրդավարական բոլոր չափանիշները գետնով տալը։ Իսկ այն, որ վարչախումբը, առավել եւս ցանկացած գնով խորհրդարանական մեծամասնություն վերցնելու ձգտող Սերժ Սարգսյանը չեն դադարեցնի հակաժողովրդավարական դրսեւորումները, ակնհայտ է, քանզի հոժար կամքով «հայերեն վատ խոսողներին» բնակչությունը երբեք չի ընտրի»։

Իշխանական բուրգի առաջիկա պատկերը ուրվագծելով` «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր պնդել է, թե Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո էլ «ուզում է մնալ ակտիվ քաղաքականության մեջ եւ վարչապետի պաշտոնով ղեկավարել երկիրը՝ ունենալով թույլ (ձեւական) նախագահ»: «Այսինքն նա պիտի անի ամեն ինչ, որպեսզի հաջորդ նախագահ «ընտրվի» ով ասես՝ բացի «գաղափարակից» Սերժ Սարգսյանից», - գրել է թերթն ու հավելել.- «Իսկ սա ապացուցում է միայն մի բան. մոտ 9 տարի լինելով ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանն առաջնորդվել է ոչ թե պետության, այլ իր անձնական շահերով եւ հիմա էլ թքած ունի պետության շահերի վրա»։

«Մոտ մեկ ամիս առաջ Գյումրիի գարեջրի «Ածիկ» գործարանի դիմաց կանգնեցվել է այդ գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի արձանը, որում նա ներկայացված է իր ողջ հասակով», - գրել է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Սակայն այդ քանդակում Բալասանյանը միայնակ չէ, եւ ինչպես սիրում էին իրենց քանդակները պատկերել եգիպտական փարավոնները, այդ կոմպոզիցիայում Բալասանյանից բացի եւս մեկ պերսոնաժ կա։ Դա գործարանի հիմնադիր Ծաղիկովն է»։

«168 ժամ» պարբերականը փոխանցել է Ազգային վիճակագրական ծառայության գնահատականը, ըստ որի 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանի բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 220 հազար 800 մարդ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG