Մատչելիության հղումներ

Ավարտվեց երիտասարդական փառատոնը


Հայաստանի բոլոր մարզերից, Երեւանից եւ Արցախից նախնական փուլը հաղթահարել էին 100 երիտասարդներ: Լուսանկարչության ոլորտում առաջատարը երիտասարդ ֆոտոլրագրող Սրապիոն Գեւորգյանի աշխատանքներն էին, նա ներկայացնում է Արմավիրի մարզը. - «Իմ լուսանկարներում Արեւմտյան Հայաստանն է, հպարտանում եմ, որ դրանք Երեւանում են ցուցադրվում»:

Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սանասար Արշակյանը իր գեղանկարում պատկերել էր հայրենի գյուղի ձմեռը: Նա պատմեց, որ փառատոնին մասնակցելու համար ջանք ու եռանդ չի խնայել, քանի որ հնարավորություն պիտի ունենար իր աշխատանքները խստապահանջ հանդիսատեսի ներկայացնել:

Խրախուսանքը պատվոգրերի եւ արձանիկների տեսքով է՝ առաջինից երրորդ տեղերը զբաղեցնողների համար: Նորաձեւություն անվանակարգի դափնեկիրներին բացառիկ հնարավորություն տրվեց տեսնել իրենց աշխատանքները պրոֆեսիոնալ մոդելների մատուցմամբ:

Գայանե Սարոյանը Կոտայքի մարզից իր մոդելավորած հագուստը նմանեցրել էր նռնենու՝ ձեւավորելով այն վառ կարմիր երանգներով:

Հեղինակային երգի ներկայացուցիչների ելույթները հաջորդեցին նորաձեւության ցուցադրությանը: Արցախցի Վարդան Գալստյանի երգերը բացառապես հայրենիքի մասին էին:

«Բացատրություն չկա. ուղղակի սիրում եմ իմ հայրենիքը»,- անկեղծացավ Վարդանը:

Երիտասարդ հեղինակ կատարողի խոսքով, Արցախում ինքնադրսեւորվելու տարբերակներ կան, բայց դրանք «Ղարաբաղից դուրս գալու հնարավորություն չեն տալիս»:

Էստրադային եւ ժողովրդական երգ անվանակարգերի հաղթողների անունները հայտնի դարձան երեկոյան Օպերային թատրոնում՝ գալա համերգ - մրցանակաբաշխությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG