Մատչելիության հղումներ

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ)` ընթացիկ նոյեմբերին ծրագրված համագումարը կանցկացվի գալիք տարվա հունվար-փետրվար ամիսներին: Կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ դաշինքով:

«Ես գտնում եմ, որ դա չէ ճանապարհը [բոյկոտի գաղափարը], ճանապարհը պայքարելն է», - երկուշաբթի օրը լրագրողներին ասաց ՀԺԿ առաջնորդն եւ «Արդարություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը: - «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի»:

Դեմիրճյանը չմանրամասնեց, թե հատկապես որ ուժերի հետ է հնարավոր համարում նախընտրական դաշինքը` նշելով միայն, որ ՀԺԿ-ն դաշինք կարող է կազմել միայն ընդդիմադիր ուժերի հետ:

Հարցին, թե ընդդիմադիր համարում է «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ հնարավոր համարում է համագործակցությունը դրա հետ, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. - «Համագործակցության մենք պատրաստ ենք: Եթե «Օրինաց երկիր»-ը հայտարարում է, որ ընդդիմութուն է, մենք կասկածամտությամբ չենք տառապում, պատրաստ ենք համագործակցելու եւ արդեն իսկ այդ համագործակցությունը կա»: ՀԺԿ նախագահը նկատի ունի համագործակցությունը օրինաստեղծ ոլորտում:

Գալիք խորհրդարանական ընտրություններին ՀԺԿ-ն, դրա ղեկավարի խոսքերով, մասնակցելու է հաղթելու նպատակով:

Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ, արդեն այսօր իշխանական տարբեր թեւերը առավելագույնս օգտագործում են ադմինիստրատիվ ռեսուրսը, ստվերային եկամուտների մի մասը ուղղվում է քաղաքական գործընթացների վրա ներազդելուն:

«Ճնշումներ են արդեն իրականացվում, այդ թվում` լրագրողների նկատմամբ: Կուսակցականացում է գնում. տարբեր ոլորտներ կուսակցականացրին, հիմա անցել են հարկային եւ մաքսային ծառայություններին», - ասաց նա:

Ընդդիմադիր առաջնորդի խոսքերով, նախընտրական շրջանում իրենք պատրաստվում են անել այն, ինչ արել են անցյալում: «Փորձելու ենք անել ավելի լավ, ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ», - ասաց նա:

Հայաստանյան ընտրությունների վրա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին հարցին ի պատասխան, ՀԺԿ առաջնորդը վստահեցրեց, որ իրենք հույսը դնելու են հայ ժողովրդի վրա:

Իսկ հարցին, թե կարող է լինել իրավիճակ, որում հնարավոր լինի Ստեփան Դեմիրճյան – Սերժ Սարգսյան դաշինքը, ՀԺԿ նախագահը տվեց միանշանակ բացասական պատասխան:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG