Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 11-ը նոյեմբերի)

«ԱՄՆ-֊ում դեմոկրատների հաղթանակը Հայաստանում գործելու ավելի համարձակ դաշտ է ապահովում նորանշանակ դեսպան Հոգլանդին, որին վերապահված է կամ համաձայնել ու կլլել օրվա իշխանությունների սանձազերծած ընտրական գործընթացները, կամ դրանց նկատմամբ դրսեւորել կոշտ, անհաշտ վերաբերմունք», - գրում է «Ժամանակ Երեւան» թերթը` շարունակելով. - «Խոշոր հաշվով ԱՄՆ-֊ում այս շաբաթ տեղի ունեցած ընտրությունները էապես կարող են փոխել այդ երկրի վարած քաղաքականությունը մեր երկրում՝ ներքին ճակատով ապահովելով ընտրությունների ժամանակ անաչառ արբիտրի, արտաքին ճակատում՝ ղարաբաղյան հիմնահարցի եւ հայ֊թուրքական հարաբերությունների արագ կարգավորման անհրաժեշտ ազդեցիկ եւ վճռորոշ միջնորդի դեր»:

«Երբ ղարաբաղցիները ռազմադաշտում կռվում էին եւ բազմահազար զոհեր տալիս, այն ժամանակ կարծես թե այդ «ղարաբաղյան կլանի» մասին ոչ մեկը չէր խոսում, որովհետեւ խրամատներում, նույն ղարաբաղցիների հետ ուս-ուսի, կռվում էին հայության ամենատարբեր շրջանների, այդ թվում Սփյուռքի ներկայացուցիչները։ Հիմա հանկարծ ղարաբաղցիները դարձան «կլան», իսկ առանձին քաղաքական, պետական գործիչներ փորձում են նսեմացնել ղարաբաղցու կերպարը, որը այս տարիներին իսկապես ապացուցել է, որ կարող է պաշտպանել իր հողն ու ջուրը, իր հայրենիքում ապրելու իրավունքը», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«168 ժամ»-ը գրում է. - «Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Արթուր Բաղդասարյանի՝ նորաստեղծ «Կասպյան եւ Կովկասյան երկրների միջազգային հանձնաժողովի» համանախագահ լինելու փաստին, նկատել էինք, որ այդ հանձնաժողովի իրական կնքահայրն է համարվում ռուսաստանցի՝ այժմ միջազգային հետախուզման մեջ գտնվող Բորիս Բերեզովսկին: Մեր ռուսաստանյան աղբյուրների պնդմամբ՝ լուրը ոչ միայն համապատասխանում է իրականությանը, այլ ավելին՝ Լոնդոնում գտնվելու ժամանակ հանդիպում է տեղի ունեցել Արթուր Բաղդասարյանի եւ Բորիս Բերեզովսկու միջեւ»:

Վանո Սիրադեղյանի 60-ամյակի կապակցությամբ «Հայք» թերթը ծավալուն հոդվածներ է տպագրել նրա մասին: Իսկ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. - «Ինչպես ցանկացած վառ անհատականության, Վանոյին չի կարելի նույնացնել իր կուսակցության հետ: Ավելին՝ երբ 1994-ին ընդդիմությունը հանրահավաքներ էր անում Վանոյի դեմ, ՀՀՇ-ի վերնախավը եթե չէր աջակցում դրան, ապա հաստատ հրճվում էր ներքին գործերի նախարարի հասցեին հնչած ամեն մի հայհոյանքից: Եվ հակառակը՝ երբ 97-ին արդեն երեւում էին «առնետավազքի» առաջին նշանները, նա ստանձնեց ՀՀՇ-ի ղեկը, եւ եթե այսօր կա նման անունով կուսակցություն, դրանում մեծ է Վանոյի դերը: Նրա քաղաքական կենսագրությունը, վստահ եմ, դեռ չի ավարտվել, ուստի առայժմ ամփոփելու ժամանակը չէ: Պարզապես շնորհավորենք Վանոյի ծննդյան օրը»:

«Չորրորդ իշխանություն»-ը այսօր տպագրել է «Օրենք ընդդիմության մասին». - «Հոդված 1. Ընդդիմադիր են համարվում այն քաղաքական կուսակցությունները, որոնք հրապարակավ քննադատում են իշխանություններին` առանց կոնկրետ անուններ տալու, պետության ապագայի վերաբերյալ որեւէ ծրագիր չեն ներկայացնում, պարբերաբար հայտարարում են, որ ունեն Մոսկվայի (կամ Մեծ Ութնյակի անդամ որեւէ այլ երկրի մայրաքաղաքի) «դաբրոն», պարբերաբար պայքարում են միմյանց դեմ` ընդդիմության լիդերի կոչման համար, պարբերաբար հանդիպում են Աշոտ Մանուչարյանի հետ... Հոդված 3. Ընդդիմադիր ուժերն իրավունք ունեն մասնակցել ընտրություններին, մամուլի ասուլիսներ հրավիրել, նախագահի բանավոր կամ գրավոր համաձայնությամբ քննադատել պաշտպանության նախարարին, պաշտպանության նախարարի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ քննադատել նախագահին... Հոդված 12. Ընդդիմադիր ուժերի միջեւ ծագած քաղաքական, տնտեսական եւ իրավական տարաձայնությունները կարգավորում է Արմենչիկը»:

«Հայկական ժամանակ»-ը փաստում է. - «Իր աղջկա հարսանիքից հետո, որպես մաղարիչ ողջ հայ ազգին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Հանրապետական» մարզադաշտում կազմակերպեց համերգ՝ ռուս սուպերաստղերի մասնակցությամբ։ Այդ համերգը ծանր բարոյահոգեբանական ազդեցություն է թողել Հանրապետական կուսակցության շարքերում, որի որոշ անդամներ, պարզվում է, ռուս աստղերի ու հատկապես աստղուհիների հետ ոչ պակաս ջերմ հարաբերություններ ունեն, քան Ծառուկյանը։ Եվ ահա, «Բարգավաճ Հայաստանի» ինադու, նոյեմբերի 16-ին` Ուսանողության միջազգային օրը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանն ու Հանրապետական կուսակցությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում կազմակերպում են համերգ, որին մասնակցելու են ռուսական այնպիսի աստղեր, ինչպիսիք են «Տատուն», Ժասմինը, «Պրեմիեր մինիստրը»։ ՀՀԿ-ում վստահեցնում են, որ իրենց բերած աստղերը շատ ավելի պրիստիժնի են ու թանկ արժեն, քան Ծառուկյանի բերած Լեոնտեւն ու Կորոլյովա Նատաշան»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG