Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնեց Իրաք


Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մեկնել է Իրաք: Օդանավակայանում կարճատեւ ճեպազրույցի ժամանակ նախարարը հայտնել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայ զինծառայողների առօրյային, ծառայության պայմաններին, ինչպես նաեւ հանդիպել Իրաքի պաշտպանության նախարարի ու բազմազգ ուժերի ղեկավարության հետ:

Հարցին, թե ի՞նչ վիճակում է հայկական զորախմբի ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը, որը նոյեմբերի 11-ին վիրավորվել էր Իրաքում տեղի ունեցած մարտական գործողության արդյունքում, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երիտասարդ սպան տեղափոխվել է Գերմանիա, եւ, ինչպես իրեն տեղեկացրել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նախարարն ասել է նաեւ, որ որոշ ժամանակ անց Նալբանդյանը կապաքինվի եւ կգա Հայաստան՝ շարունակելով ծառայությունը հայրենիքին:

Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի ավագ լեյտենանտը աջ ոտքի ականապայթյունային վնասվածք է ստացել, ինչն առաջ է բերել ոտքի պոկում` ծնկից ներքեւ: 25-ամյա երիտասարդը նաեւ բեկորային վնասվածք է ստացել ձախ ոտքի շրջանում:

«Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, եւ վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները դեռեւս պետք են մեզ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախարարն անդրադարձել է նաեւ Իրաքում հայ խաղաղապահների ծառայության ժամկետն ավելացնելու խնդրին՝ հայտնելով, որ պաշտպանության նախարարությունն արդեն այդ հարցով դիմել է Ազգային ժողովին:

«Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Հայաստանը չի կարող լինել լոկ անվտանգության սպառող: Հայաստանն իր համեստ, բայց հաստատուն ներդրումը պետք է ունենա համաշխարհային անվտանգության պրոցեսներում», - շեշտեց Սերժ Սարգսյանը: - «Ինչպես ցույց տվեց ժամանակը, մեր զինվորները եւ սպաները անցկացնում են կարեւոր եւ դժվարին աշխատանք, բայց այդ աշխատանքը, առաջին հերթին, պետք է Հայաստանի Հանրապետությանը, եւ նրանք իրենց ծառայությամբ մեկ անգամ եւս հաստատում են, որ Հայաստանը կայացած պետություն է»:

«Անշուշտ, 2 տարվա ընթացքում բավական թվով զինվորներ եւ սպաներ ծառայել են Իրաքում, եւ նրանք համալրում են իրենց գիտելիքները. որոշ սպաներ օգտագործում են իրենց փորձը, որ ստացել են մեր պատերազմի ժամանակ, իսկ որոշ երիտասարդներ դեռեւս նոր են ծանոթանում մարտական իրավիճակին», - ասել է պաշտպանության նախարարը եւ ամփոփել. - «Անշուշտ, մեզ համար սա օգտակար է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG