Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունը կարծես հրաժեշտ է տալիս Իրաքի պատերազմի շուրջ իր կարծր եւ անդրդվելի հայտարարություններին:

Սպիտակ տունը կիրակի օրը հայտարարեց, թե նախագահ Ջորջ Բուշը կողջունի պատերազմի շուրջ ցանկացած նոր գաղափար:

Եթե մի քանի օր առաջ փոխնախագահ Դիք Չեյնին Իրաքի մասին ասում էր՝ «շուտով նոր արագություն ենք հավաքելու», այսօր Սպիտակ տունը կիրառում է «թարմ հեռանկարներ» բառակապակցությունը եւ ընդունում, որ «որեւէ մեկին չի գոհացնում իրադրությունն Իրաքում»:

«Հստակ է, որ մեզ հարկավոր են նոր մոտեցումներ», - ասել է Բուշի աշխատակազմի ղեկավար Ջոշուա Բոլթոնը:

Մյուս կողմից, դեմոկրատները դեռեւս ուղղություն ցույց չեն տալիս Իրաքում հետագա քայլերի վերաբերյալ: Պնդելով հանդերձ, որ հարկավոր է բազմակողմ մոտեցում հարցին՝ նրանք դեռեւս միավորված չեն ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու հարցի շուրջ:

Սենատոր Կարլ Լեւինը, որը շուտով կստանձնի բանակային ծառայությունների հանձնաժողովի նախագահի պարտականությունները, հորդորում է, որ զորքերը սկսեն փուլ առ փուլ դուրս գալ Իրաքից 4-6 ամսվա ընթացքում:

Մինչեւ ընտրությունները Բուշն ասում էր. - «Դեմոկրատների նպատակը Իրաքից հեռանալն է, այլ ոչ այնտեղ հաղթելը, ու եթե դեմոկրատները վերցնեն Կոնգրեսը, ահաբեկիչները կհաղթանակեն, իսկ Ամերիկան տանուլ կտա»:

Այսօր արդեն ԱՄՆ-ի նախագահը նման բան չի ասում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG