Մատչելիության հղումներ

logo-print

ԵՊՀ-ում քննարկվեց Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը


Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը ուրբաթ օրը քննարկվեց Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդում` պաշտպանության նախարար, երկրի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Քննարկման սկզբում պաշտպանության նախարարը ասաց, որ Հայաստանի ազգային շահերը ներկայացնող փաստաթուղթը արդեն արժանացել է ՆԱՏՕ-ի փորձագետների, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համապատասխան մասնագետների հավանությանը:

«Մեզ համար ամենից կարեւորը այն է, որպեսզի այս փաստաթուղթը արտացոլի մեր ազգային շահերը», - ասաց Սարգսյանը: - «Մեր կարծիքով, մենք կարողացել ենք պատրաստել մի քաղաքական փաստաթուղթ, որի իրականացումը կապահովի մեր պետության կայուն զարգացումը եւ անվտանգությունը»:

Նախարարը ասաց նաեւ, որ մինչեւ ընթացիկ նոյեմբերի վերջը փաստաթուղթը կքննարկվի նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայում, Ազգային ժողովում: Քննարկումներից հետո ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը ներկայացվելու է երկրի նախագահին, այնուհետեւ` քննարկման է դրվելու կառավարությունում:

Սերժ Սարգսյանի խոսքերով, նախատեսվում է ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատել 2007 թվականին` մինչեւ ընտրությունները:

«Կարծում եմ, որ կառավարության այդ նիստը կանցկացնի Հանրապետության նախագահը: Եվ եթե հաստատվի այս փաստաթուղթը, սա լինելու է այն քաղաքական փաստաթուղթը, որը պարտադիր է լինելու պետական բոլոր կառույցների եւ պետական բոլոր պաշտոնյաների համար», - հավելեց նախարարը: - «Կարծում եմ, պիտի անցնեն այն ժամանակները, երբ պետական տարբեր պաշտոնյաներ նույն խնդրի մասին արտահայտում են տարբեր կարծիքներ: Իհարկե, փաստաթուղթը պարտադիր չի լինելու քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների համար, որոնք ցանկացած հարցերով կարող են ունենալ ցանկացած կարծիք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG