Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, ընդդիմությունը պետք է «դոմինանտ դերակատարություն» ունենա ընտրական հանձնաժողովներում


Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության նախկին քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, «նորմալ ընտրություններ անցկացնելու համար» իշխանությունները պետք է ընտրական հանձնաժողովներում «դոմինանտ դերակատարությունը» տան ընդդիմությանը:

Ողջունելով այս շաբաթ ավելի վաղ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց Ընտրական օրենսգրքի` դատավորներին ընտրական հանձնաժողովներում ընդգրկելու մասին դրույթը` Վիկտոր Դալլաքյանը ասաց, թե «նորմալ ընտրություններ անցկացնելու համար» իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն եւ ընտրական հանձնաժողովներում «դոմինանտ դերակատարությունը» տան ընդդիմությանը: Ընդ որում, պատգամավորը նկատի ունի ընդդիմության դասական ձեւակերպումը: Այսինքն` օրենսդիր եւ գործադիր իշխանություններում չներկայացված քաղաքական ուժերը:

Դատելով լրագրողների այլ հարցերին տված պատասխաններից` Դալլաքյանը այդպիսի քաղաքական ուժ է համարում նաեւ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում, ընդդիմությունը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում», - ասաց նա: - «Այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը որեւէ ընտրության չի մասնակցել` որպես կուսակցություն, ընտրական հանձնաժողովներում տեղեր չի ունեցել, հետեւաբար չէր կարող կեղծել ընտրությունների արդյունքները: «Բարգավաճ Հայաստան»-ը չունի նաեւ նախարարներ կառավարությունում: Հետեւաբար` «Բարգավաճ Հայաստան»-ը իշխանամետ չէ կամ իշխանություն չէ: «Բարգավաճ Հայաստան»-ը նոր ուժ է»:

Պատգամավորը հստակ պատասխան չտվեց հարցին, թե որ քաղաքական ուժի կազմում է գնալու խորհրդարանական ընտրությունների (արդեն վաղուց լուրեր են շրջանառվում, թե Դալլաքյանը անդամակցելու է «Բարգավաճ Հայաստան»-ին): Նա ասաց, որ «ժամանակ դեռ կա», եւ որեւէ կուսակցության անդամակցելու որոշման մասին ինքը տեղյակ կպահի: Իսկ եթե չանդամակցի որեւէ քաղաքական ուժի, կրկին կառաջադրվի Վանաձորում` մեծամասնական ընտրակարգով:

Խոսելով հաջորդ տարվա բյուջեի նախագծի մասին` Դալլաքյանը ասաց. - «Փորձ է կատարվում բարձրացնել պաշտոնատար անձանց աշխատավարձը շուրջ 40 տոկոսով եւ վեց ամսվա կտրվածքով` 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած, նախատեսվում է 700 միլիոն դրամ այդ պաշտոնատար անձանց աշխատավարձերը բարձրացնելու համար»:

«Ես դա գնահատում եմ որպես կոռումպացված իշխանությունների կողմից նախընտրական խոստում համապատասխան չինովնիկներին, որոնք պետք է մաքսիմալ ակտիվություն դրսեւորեն ընտրություններին մասնակցելու համար», - եզրափակեց պատգամավորը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG