Մատչելիության հղումներ

logo-print

Հակոբ Հակոբյանը վստահ է, որ իրեն դատական պատասխանատվության չեն կանչի


Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որին որպես մեղադրյալ մի շարք քրեական գործերում ներգրավելու՝ Հայաստանի գլխավոր դատախազի միջնորդագրին Ազգային ժողովը հավանություն էր տվել շուրջ մեկ ամիս առաջ, համոզված է, որ իրեն դատական պատասխանատվության չեն կանչի:

«Ես առաջին օրվանից ասել եմ, որ այդպիսի արարքներ չկան մեր կողմից կատարված, որոնք դատարանում քննարկվեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավորը: - «Իսկ խուլիգանության պահով՝ ովքեր կատարել են, թող պատասխան տան: Ես պատասխանատու չեմ, քանի որ ես այնտեղ գնացել եմ կանխելու»:

Ի պատասխան հիշեցման՝ «մեղադրանքում կար, որ դուք կազմակերպիչ, դրդիչ եք», Հակոբ Հակոբյանը ասաց. - «Հենց դրա համար էլ քննություն է իրականացվում: Քննությունը մանրամասն կպարզի»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդել էր Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու քրեական օրենսգրքի 8 հոդվածների հատկանիշներով` հարկերից խուսափելուց մինչեւ զենքի գործադրմամբ խուլիգանություն:

Հակոբ Հակոբյանը դժվարացավ հստակ ասել՝ արդյո՞ք իր թեկնածությունը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին կառաջադրի մեծամասնական ընտրակարգով կամ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով:

«Հանրապետական կուսակցության անդամ եմ, պետք է անպայման Հանրապետական կուսակցությանը պաշտպանեմ ընտրությունների ժամանակ», - ասաց Հակոբյանը՝ միաժամանակ հավելելով. - «Չեմ էլ ուզենա, որ լինեմ այդ ցուցակում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG