Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ժամանակ-Երեւան»-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրում է. - « Բարգավաճ Հայաստան»-ի եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ Սերժի ոչ անհայտ եղբայր Սաշիկ Սարգսյանի տղերքը օրերս մտել են Կոտայքի մարզի Բալահովիտ ավանի ԲՀԿ գրասենյակ ու ծեծել Ծառուկյանի տղերքին»:

«Ազգ» թերթը փոխանցում է, որ նոյեմբերի 8-ի երեկոյան Ախալքալակի շրջանային ոստիկանության աշխատակիցները՝ զինված ինքնաձիգներով ու մահակներով, ներխուժել են նախկին «Կեչի» շենքը՝ այնտեղից դուրս քշելով Ջավախքի սկաուտական շարժման անչափահաս անդամներին:

«Առավոտ»-ին վստահելի աղբյուրից հայտնի է դարձել, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք սենատորների գրասենյակներ են զանգահարել Ամերիկայի հայկական համագումարից ու տեղեկացրել, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան առաջադրված Ռիչարդ Հոգլանդի հարցով իրենք այլեւս խնդիր չունեն: «Հայկական համագումարի գրասենյակից նաեւ հայտնել են, թե այդ հարցում ունեն նաեւ պաշտոնական Երեւանի OK-ը», - գրում է թերթը:

Ռուս-վրացական սրված հարաբերությունների արդյունքները ի մի բերելով` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր ուրվագծել է մեզ ուղղված սպառնալիքները. - «Ստեղծվում է մի կացություն, երբ առաջիկա ձմռանը ամենեւին էլ չի բացառվում Վրաստանով դեպի Սեւ ծով տանող մեր երկրի կոմունիկացիաների «խցանման» վտանգը։ Մինչ օրս ակամայից դառնալով ռուս-վրացական դիմակայության հիմնական «տուժող կողմը»՝ Հայաստանը շուտով կարող է հայտնվել է՛լ ավելի բարդ վիճակում»։ «Վրաստանում ու նրա շուրջը ուրվագծվող նոր կատակլիզմների հավանականության մեծացմանը զուգընթաց ակնհայտ է դառնում, որ մեր երկիրը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Իրանով անցնող իր «կյանքի ճանապարհը» ձմռան պայմաններում անխափան շահագործելու վրա», - նկատի ունենալով Իրան - Հայաստան գազամուղը, փոխանցել է խմբագրականն ու ամփոփել. - «Սա ամենեւին էլ բանդագուշանք չէ, այլ անկանխատեսելի զարգացումներին դիմագրավելու միակ տարբերակը»։

«Ժամանակ-Երեւան» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարին, շեշտադրել է. - «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայուն ստատուս քվո է ստեղծվել։ Միանգամայն հասկանալի է, որ հայկական կողմն իր ձեռքին է պահում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մրցանակը, բայց ներքաղաքական կոնյունկտուրան ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական ղեկավարությանը թույլ չի տալիս գործարք կնքել: Չնայած պատմական ճշմարտությանը, նախկին Վրաստանի ԽՍՀ-ի սահմաններում ոչ միայն բռնությամբ ստեղծելով «Վրաստան վրացիների համար», այլեւ ներկայիս Վրաստանի մուտքը ՆԱՏՕ՝ կնշանակի Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակի վատթարացում»։

«Ծանոթանալով կառավարության երեկվա նիստի մանրամասներին՝ տպավորություն է ստեղծվում, թե երկրի երեսին ծախելու բան այլեւս չի մնացել, ու հերթը հասել է ընդերքին», - գրել է այսօր «Հայք»-ի գլխավոր խմբագիրն ու պարզաբանել. - «Հայաստանի ընդերքի հանդեպ մեծ է ոչ միայն հայ պաշտոնյաների, այլեւ արտասահմանյան զանազան ընկերությունների ախորժակն ու հետաքրքրությունը։ Ահա թե ինչու աչքից հեռու եւ աչքի առաջ՝ ամենուր փոսեր են փորվում՝ ոսկուց, գազից, նավթից-բանից հայտնաբերելու եւ դրանք ծախելու հույսով»։

«Ա1+»-ի երկրորդ դիմումի քննությունը Եվրոդատարանում հետաձգվում է: Հեռուստաընկերության ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, «Առավոտ»-ին ասել է, որ դատարանն իր խնդրանքով է ժամկետը երկարացրել մինչեւ հաջորդ տարվա հունվարի 10-ը, քանի որ Հայաստանի կառավարության պատասխանի մեջ ճշգրտման կարիք ունեցող խեղաթյուրումներ կան:

«Երեկ կեսօրին դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները այցելել են «Փակագիծ» թերթի խմբագրություն եւ առգրավել են խմբագրության գույքը: Սակայն երեկ ուշ երեկոյան ԴԱՀԿ-ն գույքը վերադարձրել է: ԴԱՀԿ-ի համար հիմք էր հանդիսացել մի քաղաքացու հայցը, որով նա պահանջում է պարտքի դիմաց թերթից բռնագանձել 8,5 մլն դրամ», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG