Մատչելիության հղումներ

Այսօր Ծաղկաձորում բացվեց Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ռեստ հաուզ» հյուրանոցային համալիրը: Հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հյուրանոցային համալիրի տարածքում շրջելուց հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ կիսեց իր տպավորությունները. - «Այն է, ինչ մենք ակնկալում ենք: Բիզնեսը արձագանքեց եւ ես ուրախ եմ, որ առաջին նման հզոր` ե’ւ ծավալներով, ե’ւ որակով, կառույցը այսօր Ծաղկաձորը ունի: Ծաղկաձորում մի քանի հյուրանոցներ եւս կառուցվում են: Տարբեր կարգի պետք է լինեն հյուրանոցներ` ե’ւ բարձրակարգ, ե’ւ միջին կարգի, յուրաքանչյուր ճաշակի եւ հնարավորությունների համար»:

Հարցին, թե արդյո՞ք չի կարծում, որ իր մասնակցությունը հյուրանոցի բացմանը կդիտվի որպես աջակցություն Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նախագահ Քոչարյանը ասաց, թե իր մասնակցությունը առաջին հերթին այս ոլորտը խթանելու քայլ է:

«Սովորաբար, կա մի ծավալ ներդրումների, որից ավելինը , ես համարում եմ, ճիշտ է մասնակցությունը. սա մեկ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Եվ երկրորդ` պարտադիր կերպով մասնակցում եմ այն ոլորտներում նման կարգի կառույցների բացմանը, որոնք գերակայություն ենք համարում Հայաստանի տնտեսության համար»:

Նախագահը քաղաքական բնույթի որեւէ հարցի չպատասխանեց` խոստանալով մինչեւ տարեվերջ «հատուկ հանդիպում ունենալ լրագրողների հետ»:

Քաղաքական բնույթի հարցերին հրաժարվեց պատասխանել նաեւ Գագիկ Ծառուկյանը: Իսկ հարցին, թե որքան գումար է ներդրել այս համալիրը կառուցելու համար, Ծառուկյանը պատասխանեց. - «Ինչքան որ հարկավոր է, այնքան էլ ներդրել եմ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG