Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը հաստատում է ընդերքի շահագործումը կարգավորող օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին:

Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Պարզաբանելով նշված օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությունը` բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ասաց. - «[Նախկինում] ով առաջինը դիմեց, նա էր ստանում իրավունքը: Մրցակցության պարագա չկար: Առաջին դիմումատուն ստանում էր հանքային իրավունքը: Հետո այդ հանքային իրավունքը ինքը կարող էր վաճառել, վերվաճառել, գրավ դնել ու գումար ստանալ: Այսուհետ ռազմավարական նշանակության, այսինքն` մետաղական բոլոր հանքավայրերի, հանքերեւակումների, ինչպես նաեւ հաստատված պաշարներով հանքավայրերի տրամադրումը իրականացվում է մրցույթով եւ աճուրդով»:

Քանի որ ընդերքը այսօր մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ առաջիկայում ակնկալվում են բավական խոշոր արտասահմանյան ներդրումներ, ուստի, նախարարի խոսքերով` անհրաժեշտ է ոլորտը կարգավորել:

Հայաստանյան հանքերով հետաքրքրվում են միջազգային համբավ ունեցող ընկերություններ: «Մասնավորապես, վերջերս, կարծեմ, Ղափանի շահագործման իրավունքը ձեռք բերեց «Դանդի» կանադական կազմակերպությունը, որը խոշորագույն ոսկու արդյունահանմամբ զբաղվող կազմակերպություն է: Լուրջ հետաքրքրություն ունի հանրաճանաչ «Գլոբալ Սթիլ» կազմակերպությունը», - ասաց Վարդան Այվազյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG