Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի օրն սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատանքային այցը Մոսկվա, որի ընթացքում նա հանդիպելու է ռուսաստանցի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, հանդիպումը աշխատանքային է լինելու, եւ որեւէ այլ հանդիպում նախատեսված չէ:

Անցած շաբաթվա սկզբին աշխատանքային այցով Մոսկվայում էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ալիեւի եւ Պուտինի աշխատանքային հանդիպման օրակարգում լինելու է Ղարաբաղի հարցը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես, կքննարկվեն էներգետիկ հարցեր եւ ռուս-վրացական հարաբերությունները:

10 օրվա ընթացքում Վլադիմիր Պուտինը հանդիպումներ է անցկացնում եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի նախագահների հետ: Ընդ որում՝ երկու հանդիպումներն էլ փակ են լրագրողների համար, քանի որ աշխատանքային են, եւ մամուլի ասուլիս այս անգամ նույնպես նախատեսված չէ:

Հանդիպման նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, Ալիեւն ու Պուտինը պարբերաբար հանդիպումներ են ունենում: Մասնավորապես, փետրվարին պաշտոնական այցով Բաքվում էր Վլադիմիր Պուտինը:

«Օրինակ, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ այս տարի կհասնի 1,5 միլիարդ դոլարի», - հայտնել է Կամինինը: - «Ռուսաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են էներգետիկ բնագավառում, ադրբեջանական նավթը Ռուսաստանի տարածքով է հասնում երրորդ երկրներ, Ռուսաստանը, իր հերթին, գազ է մատակարարում Ադրբեջանին: Բացի այդ, գործում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության ոլորտներում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ վիճակում են այսօր ռուս-ադրբեջանական հարաբերությունները, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը երեկ պատասխանեց. - «Եթե համեմատենք անցյալի հետ, օրինակ՝ դեռ մի քանի տարի առաջվա, ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսօր արագ զարգանում են, եւ այդ համագործակցությունն այնպիսի տեմպերով է զարգանում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շուտով կարելի կլինի կոչել ռազմավարական»:

Բացի այդ, Մութալիբովի կարծիքով, Ղարաբաղի խնդիրը հնարավոր չի լինի լուծել առանց Մոսկվայի աջակցության, եւ, «բնականաբար, հենց այս հարցն է դառնալու երկու երկրների նախագահների հանդիպման առանցքային թեման»:

Ռուսաստանի համար ավելի կարեւոր հարց է ռուս-վրացական հարաբերությունների խնդիրը, եւ Վրաստանի հետ իր հակամարտությունում Մոսկվան ցանկանում է ստանալ եւ Երեւանի, եւ Բաքվի աջակցությունը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG