Մատչելիության հղումներ

Դեմոկրատները մեծամասնություն կազմեցին Կոնգրեսի զույգ պալատներում


Վիրջինիա նահանգում հանրապետական Ջորջ Ալենի նկատմամբ դեմոկրատ Ջիմ Ուեբի տարած հաղթանակով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները զբաղեցրեցին 100 տեղերից 51-ը: Դրանով իսկ, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Դեմոկրատական կուսակցությունը 1994 թվականից ի վեր առաջին անգամ վերահսկողություն հաստատեց ամերիկյան խորհրդարանի զույգ պալատներում:

Ամենայն հավանականությամբ, Սենատում դեմոկրատական մեծամասնությունը կգլխավորի Նեւադան ներկայացնող սենատոր Հարրի Ռեյդը:

Նախորդ օրն արդեն հայտնի էր դարձել, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում:

Ակնկալվում է, որ Պալատի խոսնակի պաշտոնում հանրապետական Դենիս Հասթերթին կփոխարինի Կալիֆորնիան ներկայացնող 66-ամյա կոնգրեսական Նենսի Փելոսին, որը մինչ օրս Պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդն էր:

Նախօրեին՝ կոնգրեսական ընտրություններում դեմոկրատների հաղթանակի մասին հայտնի դառնալուց մի քանի ժամ անց, նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականի մասին: Ռամսֆելդին այդ պաշտոնում փոխարինելու է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն 63-ամյա Ռոբերտ Գեյթսը:

Ընտրարշավի ընթացքում դեմոկրատները հանրապետականներին ամենից շատ քննադատում էին Իրաքի հարցում անհաջող քաղաքականության համար:

Գլխավորապես Իրաքի պատերազմի հետ էր կապված ամերիկացիների աճող դժգոհությունը հանրապետականներից, որի հետեւանքով էլ վերջիններս պարտություն կրեցին նոյեմբերի 7-ի ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG