Մատչելիության հղումներ

«Արվեստանոց-֊խաչմերուկ». կենտրոնում հայ, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդներն են


«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հայ, ադրբեջանցի եւ վրացի երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպել, շփվել միմյանց հետ ու անգամ ընկերանալ: Ավելին` նրանք միասին ֆիլմեր են նկարահանելու:

Ապագա լրագրողները, ռեժիսորները եւ առհասարակ հեռուստատեսային վավերագրությամբ հեատքրքրվող մինչեւ 25 տարեկան երիտասարդները «Արվեստանոց-֊խաչմերուկ» նախագծին մասնակցելու համար պետք է ներկայացնեին մի ֆիլմի գաղափար, որը կհետաքրքրեր նաեւ տարածաշրջանի երիատասարդներին:

Սոնայի առաջարկած ֆիլմում հերոսները երեք երկրների երիտասարդներն են, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են մյուսներից, բայց նաեւ երկրի ու ժամանակի մի մասն են:

«Նրանք չեն խոսում քաղաքականությունից, բայց մեր երկրի դիրքորոշումը ֆիլմը դիտողը կզգա», - ասում է Սոնան:

«Արվեստանոց֊-խաչմերուկ» ծրագրի ղեկավար Նաիրա Մարտիկյանը պատմեց, որ այս նախագիծը երիտասարդներին հնարավորություն կտա ճանաչել միմյանց եւ փորձել հասկանալ, թե ի վերջո ինչո՞ւ են հակամարտում կողք-կողքի ապրող ժողովուրդները: Նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցները հանդիպելու են Վրաստանում:

Սեմինար պարապմունքներից հետո երիտասարդները թիմերի կբաժանվեն եւ կսկսվի ֆիլմերի նկարահանումը: Նաիրա Մարտիկյանը համոզված է, որ հայ եւ ադրբեջանցի երիտասարդների համագործակցությունը բավական արդյունավետ կլինի, թեպետ նրանք միմյանց երկրներ չեն այցելի:

Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ, մոտ մեկ տարի տեւող ծրագիրը կավարտվի փառատոնով՝ դարձյալ Վրաստանում: Երեք երկրների մասնակիցները հավաքվելու են դիտելու, թե ինչ է ստացվել իրենց համագործակցության արդյունքում:

Իսկ ինչպե՞ս են իրենք` նախագծին մասնակցել ցանկացողները պատկերացնում համագործակցությունը հարեւան երկրների երիտասարդների ու, մասնավորապես, ադրբեջանցիների հետ:

Սոնան ասաց, որ անգամ Ադրբեջան է պատրաստ մեկնել: Իսկ ահա մեկ այլ դիմորդ` ապագա լրագրող Գոհարը, իբրեւ ֆիլմի հերոսներ տեսնում է արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաներին: Նրա կարծիքով, միայն առաջին հայացքից է անհնար թվում նման սցենարով ֆիլմ նկարահանել ադրբեջանցի երիտասարդների հետ. - «Նրանք էլ մեզ նման մարդիկ են»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG