Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը առաջարկում է, որ ընտրական հանձնաժողովներում բոլոր քաղաքական ուժերը ներկայացված լինեն հավասարապես


Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացրել է երկու մոտեցում, որոնց փիլիսոփայությունը հետեւյալն է՝ ընտրական հանձնաժողովներում հավասարապես պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքական ուժերը:

Այս մասին հայտնեց խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ունե՞ն արդյոք առաջարկ Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո ընտրական հանձնաժողովներում թափուր մնացող տեղերի կամ ընդհանրապես հանձնաժողովների ձեւավորման նոր կարգի հետ կապված:

Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ վերոհիշյալ առաջարկությունը քննարկումների ընթացքում ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին, «եւ նա խոստացել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կանդրադառնանք հանձնաժողովների կազմին եւ ընդհանուր կառուցակարգին»:

Ի տարբերություն Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր խմբակցությունների, «Օրինաց երկիր»-ը մնացել է Ընտրական օրենսգրքում առաջին ընթերցմամբ ընդունված մի քանի տասնյակ փոփոխությունների համահեղինակ, եւ Հովհաննես Մարգարյանը խորհրդարանական մեծամասնության հետ շարունակելու է մասնակցել փոփոխությունների մշակմանը:

Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընտրական հանձնաժողովներում տեղեր ստանալու հնարավորության առնչությամբ Հովհաննես Մարգարյանն ասաց. - «Չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա, քանի որ մենք 50-ից ավելի քաղաքական կուսակցություններ ունենք գրանցված: Այս դեպքում նրանց մոտ հավասարության սկզբունքը կխախտվի»:

Երեկ Սահմանադրական դատարանը բավարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հայցը եւ վճռեց, որ դատավորներին ընտրական հանձնաժողովներում ընդգրկելը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ընտրական օրենսգրքի բոլոր դրույթները, որոնք առնչվում են ընտրական հանձնաժողովներում դատավորների նշանակմանը, անվավեր ճանաչվեցին: Հարցը Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ Սահմանադրական դատարանում վիճարկել էին ընդդիմադիր «Արդարություն», «Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները եւ մի քանի անկախ պատգամավորներ:

Դեռ հոկտեմբերի կեսերին «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այդ առիթով ասել էր. - «Կան երկրներ, որտեղ հանձնաժողովների անդամների ճնշող մեծամասնությունն են դատավորներ»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ազգային ժողովի նախագահը վստահություն էր հայտնել, որ «այստեղ որեւէ հակասություն չկա»:

«Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի … Ինքս որեւէ հետարքրքրություն կամ որեւէ արտառոց բան չեմ տեսնում այս դրույթի մեջ: Սա ոչ նպաստելու է ավելի լավ ընտրություն անցկացնելուն, ոչ էլ խոչընդոտելու է լավ ընտրություններին», - հայտարարել էր Ազգային ժողովի նախագահը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG