Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով ոչ հեռու անցյալի գաղափարների արժեզրկմանը, շեշտադրել է. - «Վիճակն այնքան մտահոգիչ չէր լինի, եթե վարկաբեկվեր միայն կոմունիստական գաղափարը: 15 տարվա ընթացքում նույն ուժով եւ նույն հետեւողականությամբ վարկաբեկվեցին նաեւ ազատականությունն ու ազգայնականությունը, որոնք նույնքան պայծառ գաղափարներ են: «Շուկայական հարաբերությունների» կիրառման արդյունքում ունենք մի քանի տասնյակ անգրագետ հաստավիզներ, որոնք, ըստ էության, ղեկավարում են երկիրը, իսկ ազգայնականությունը վեր է ածվել նավթալինոտ անհեթեթության»:

Եվրահանձնաժողովի կողմից այսօր հրապարակվող՝ Թուրքիայի մասին հաշվետվությունը որակելով իբրեւ հերթական պատնեշ Եվրամիություն Թուրքիայի մուտք գործելու շուրջ 40-ամյա փորձերի առաջ` «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր արձանագրել է. - «Եվրահանձնաժողովի հաշվետվությունը կարելի է գնահատել իբրեւ Եվրամիության կողմից Թուրքիային առաջադրվող հստակ վերջնագիր, որին ի պատասխան մնում է դռները «շրխկոցով» փակելու, կամ էլ համակարգային բնույթի լուրջ բարեփոխումների դիմելու երկընտրանքը։ Այդ պատճառով, առաջիկա մեկ տարվա ընթացքում, ե՛ւ Եվրամիություն - Թուրքիա բանակցություններում, ե՛ւ հենց այդ հիմնական գործոնով պայմանավորվող հայ - թուրքական հարաբերություններում սպասվում են լուրջ, հիմնարար բնույթի տեղաշարժեր»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթն այսօր փոխանցել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կարծիքը, թե «հայ խաղաղապահները պետք է շարունակեն առաքելություն իրականացնել Իրաքում»։ Թերթը հիշեցրել է, որ «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմռնման հուշագրի գործողության ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին։

Անդրադառնալով նախագահ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի հղած այն մտահոգությանը, թե Ռուսաստանը Հայաստանի արտաքին ներդրողների ցանկում առաջին տեղը չի զբաղեցնում` «Տարեգիր» պարբերականն այսօր առանձնացրել է. - «Փաստորեն, Պուտինը Քոչարյանին ակնարկել ու հասկացրել է, որ Հայաստանը Ռուսաստանին նվիրելու դեռ շատ բան ունի։ Ըստ ամենայնի, էլեկտրացանցերի միջոցով Հայաստանի ժողովրդի փողերը գրպանելու գործընթացը ռուսներն ու անձամբ Պուտինը ներդրումներ են անվանում… ու նաեւ այս միակողմանի թալանին են վերջնական անուն կպցրել՝ ժողովուրդների բարեկամություն: Բայց դեռեւս անվանակոչված չէ այն իրողությունը, որ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ բնակավայրերում միանգամայն անմեղ հայերի արյուն է թափվում։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրացնեին ռուսները, եթե Հայաստանում գեթ մի ռուսի արյուն թափվեր»։

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով նույն թեմային, հետահայաց գնահատել է. - «Որքան էլ տարօրինակ հնչի, երեկվա նոյեմբերի 7-ը ամրապնդեց համոզմունքը, որ Խորհրդային Միությունը գովացողների համար այդ երկիրը գաղափար չէ, այլ ձրի պուտյովկա, հայկական կոնյակով միլիոնների հարց լուծել, կաշառքով պարտիական դառնալ, հակառակորդին ու մրցակցին շարքից հանելու համար նրա վրա դանոսներ գրել»։ «Թալան եւ անբարոյականություն կարճ ասած», - գրել է խմբագիրն ու եզրակացրել. - «Սա է պատճառը, որ նրանք չեն ընդվզում իրենց երբեմնի կուսակցական ընկերների կողմից այսօրվա Հայաստանը թալանելու դեմ։ Նրանք առայժմ գովում են սովետը եւ հույս ունեն, որ թալանելու իրենց հերթն էլ կգա, որովհետեւ թե ընդդիմության եւ թե իշխանության շարքերում ավելի ու ավելի շատանում են «ՎՊՇ», այսինքն՝ թալանի գործում մասնագիտացած մարդիկ։ Եվ եթե նրանք թալանով կործանեցին իրենց սիրած երկիրը, պատկերացրեք, թե ինչ կանեն այն երկրի հետ, որի նկատմամբ ատելություն ունեն ի սկզբանե»։

Փոխանցելով, թե Հանրապետության հրապարակում հնարավոր է առաջիկայում ձիերի արձանախումբ տեղադրվի` «Հայք» թերթի խմբագրականն այսօր զուգահեռել է. - «Հրապարակի, այսպես ասած, ճարտարապետական անսամբլը ամբողջացնելու համար հայտարարված մրցույթին ներկայացվել են մի շարք նախագծեր, որոնք պակաս սարսափելի չեն, քան հիմնի մրցույթին մասնակցած բանաստեղծական սնամեջ, ճոռոմ, տխմար բառակույտերը»։ «Ու հիմա այդ սնամեջ նախագծերից մեկը պիտի ճանաչվի «հաղթող»՝ ապագայում Հանրապետության հրապարակը այլանդակելու հավակնությամբ», - անհանգստացել է խմբագրականն ու հեգնել. - «Հուսանք՝ մրցութային հանձնաժողովի մեջ կգտնվի մեկը, որ կմերժի առաջարկված բոլոր տարբերակները եւ կհիմնավորի, որ Հանրապետության հրապարակում ճիշտ կլինի տեղադրել ոչ թե ձիերի, այլ էշերի արձանախումբ»։

«Եկեղեցի՝ վասն պատգամավորության» վերնագրի տակ «Առավոտ»-ը փոխանցել է, թե Երեւանի կենտրոնում շինարարական բուռն գործունեություն ծավալած Մելիք Գասպարյանը, որը անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարյուր հազարավոր դոլարներ ծախսելով թիվ 34 ընտրատարածքում` այնուամենայնիվ, չհաջողեց պատգամավոր ընտրվել ու պարտվեց մարտունեցի Հակոբ Հակոբյանին՝ այժմ վաղօրոք սկսել է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախապատրաստությունը։ «Եվ արդեն իսկ սկսել է Վարդենիսում կառուցել եկեղեցի եւ գերեզմանոցի պատ», - ընդգծել է թերթը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ Օշականում հանկարծամահ է եղել ժողովրդի կողմից սիրված երգիչ Արամ Ասատրյանը: Նա գյուղում էր գտնվում որպես քավոր եւ մասնակցում էր կնունքի: Տոնական սեղանի մոտ նստած՝ նա հանկարծ կորցրել է գիտակցությունը: Բժիշկները չեն կարողացել փրկել երգչի կյանքը՝ արձանագրելով սրտի կաթված:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG