Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը քննադատական զեկույց է հրապարակելու Թուրքիայի վերաբերյալ


Եվրահանձնաժողովն այսօր հրապարակելու է Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ միջանկյալ զեկույցը: Մեկնաբանների համոզմամբ, Եվրոպական միության գործադիր մարմինը պատրաստել է շատ քննադատական զեկույց, սակայն չի առաջարկի սառեցնել անդամակցության բանակցությունները:

Մոնիտորինգային զեկույցում, որը հրապարակելու է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար 0լի Ռենը, կարծարծվի Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման, մասնավորապես, գրողների եւ մամուլի աշխատողների նկատմամբ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով քրեական գործեր հարուցելու խնդիրը:

Եվրահանձնաժողովը Թուրքիային բազմիցս հորդորել է վերանայել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը մտավորականներին պատասխանատվության կանչելու հնարավորություն է ընձեռում իրավապահներին:

«Ռոյթերզ» գործակալությունը հիշեցնում է, որ հենց այդ հոդվածով էին Թուրքիայում հետապնդում գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր 0րհան Փամուկին, որը հրապարակավ խոսել է հայերի զանգվածային սպանդի մասին:

Նախկինում 301-րդ հոդվածի հարցում անդրդվելի դիրքորոշում որդեգրած վարչապետ Ռեջեփ Էրդողանն անցած կիրակի օրն ակնարկել է, թե կարելի է լրամշակել հոդվածը, այն դարձնել ավելի կոնկրետ եւ համապատասխանեցնել եվրոպական օրենքներին:

Այսօրվա զեկույցում Եվրահանձնաժողովն Անկարային քննադատելու է նաեւ միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի առջեւ թուրքական նավահանգիստներն ու օդանավակայանները փակ պահելու համար:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ենթադրում է, որ Անկարային պետք է տալ բարեփոխումներն ավարտին հասցնելու եւ Կիպրոսի խնդիրը համաձայնեցնելու հնարավորություն:

Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին երեկ երեկոյան Բեռլինում ասել է, որ հիմա դժվար պահ է եւ Թուրքիայի, եւ Եվրամիության համար:

«Մենք պետք է օգնենք թուրքերին առաջխաղացման հարցում», - ասել է Պրոդին:

Դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը պետք է վերջնական դիրքորոշում հայտնի Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակելու կամ սառեցնելու հարցում:

Թուրքիայում վերջին ժամանակաշրջանում անցկացված հարցախույզի արդյունքները վկայում են, որ բնակչության զգալի մասը սկսել է բացասաբար վերաբերվել Եվրոպական միությանն անդամակցելու գաղափարին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG