Մատչելիության հղումներ

Վերջին 12 տարում առաջին անգամ դեմոկրատները մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում


Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ստացավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ինչպես հաղորդում է CNN-ը, այս պահի դրությամբ դեմոկրատներն արդեն իսկ Պալատում հանրապետականներից շահել են 22 տեղ՝ մեծամասնություն կազմելու համար պահանջվող 15-ի փոխարեն:

Սենատում դեմոկրատները առայժմ 4 տեղ են շահել հանրապետականներից՝ մեծամասնություն կազմելու համար պահանջվող 6-ի փոխարեն: Սենատի վերահսկողությունը պահպանելու համար հանրապետականներին այս պահի դրությամբ պետք է ընդամենը 1 տեղ:

Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները պայքարում են 100-տեղանոց Սենատի 33 եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի համար: Բացի այդ, 36 նահանգներում տեղի են ունեցել նահանգապետի ընտրություններ, ընտրվել են նաեւ հազարավոր օրենսդիրներ նահանգային խորհրդարաններում:

1994 թվականից ի վեր դեմոկրատներն առաջին անգամ են մեծամասնություն կազմում Ներկայացուցիչների պալատում:

«Այս երեկո ամերիկացի ժողովուրդը մեծ հաղթանակ տոնեց», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին, որը, ինչպես ակնկալվում է, դեմոկրատների հաղթանակից հետո ստանձնելու է Պալատի խոսնակի պաշտոնը: - «Ամերիկացի ժողովուրդը քվեարկեց նոր ուղղության օգտին»

Օհայոյի եւ Մասաչուսեթսի նահանգներում հանրապետական նահանգապետների աթոռները անչափ հեշտությամբ վերցրեցին դեմոկրատներ Դեւալ Փաթրիքը եւ Թեդ Սթրիքլենդը:

Իլինոյսում, որտեղ նահանգապետի պաշտոնը դեմոկրատներից վերցնելու հույսեր ունեին հանրապետականները, վերընտրվեց դեմոկրատ նահանգապետը:

Դեմոկրատները Սենատում հանրապետականներից տեղեր վերցրեցին Փենսիլվանիայում եւ Ինդիանայում:

Ընտրություններին մասնակցության ցուցանիշը այս տարի շատ ցածր է՝ 40 տոկոս:

Ամերիկացի ընտրողների մոտ մեկ երրորդը քվեարկեց համակարգչային եղանակով:

Բարձր պաշտոնների համար պայքարում են նաեւ հայ թեկնածուներ, օրինակ՝ Կալիֆորնիայի գլխավոր դատախազի աթոռի համար պայքարում է Չարլզ Փուչիգյանը: Նահանգային օրենսդիր մարմնում ընտրվելու թեկնածուներ են Ջոզեֆ Սիմիթյանը, Գրեգ Աղազարյանը, Փոլ Գրիգորյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG