Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը բավարարեց ընդդիմադիր պատգամավորների հայցը


Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը որոշեց, որ Ընտրական օրենսգրքի` դատավորներին ընտրական հանձնաժողովներում ընդգրկելուն առնչվող հոդվածները հակասում են Սահմանադրությանը, եւ անվավեր հայտարարեց դրանք:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ ընտրատարածքային հանձնաժողովներում արդեն իսկ նշանակված Վճռաբեկ դատարանի անդամներն այլեւս հանձնաժողովների անդամ չեն, եւ առաջիկայում էլ դատավորներ չեն լինի ընտրական հանձնաժողովներում: Ընտրական օրենսգրքի բոլոր դրույթները, որոնք առնչվում են դատավորների նշանակմանն այդ հանձնաժողովներում, այլեւս անվավեր են, քանի որ ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող:

«Առաջին պատճառը հետեւյալն է, որ դատավորը չի կարող իր պարտականություններին չառնչվող որեւէ այլ գործունեություն իրականացնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում», - ընդունված ու հրապարակված որոշումը պարզաբանեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: - «Բայց կա երկրորդ` անկախ եւ անաչառ դատական իշխանության կայացման խնդիրը: Եթե ընդհանուր իրավասության դատարանների դատավորները կեսից ավելիով կամ, ինչպես տեսանք քննության ժամանակ` նույնիսկ ամբողջ կազմով (ստեղծվի այնպիսի իրավիճակներ) ներառվեն ընտրական գործընթացում, դա կնշանակի, որ արդարադատությունը կանգ է առնում, եւ քաղաքացին նաեւ իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու հնարավորություն չի ստանում»:

Դիտարկմանը, թե Ընտրական օրենսգրքի` հակասահմանադրական ճանաչված լրացումը ընդունվել է 2005 թվականին, մինչդեռ ինքը մասնակցել է Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունների ու լրացումների մշակմանը, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հրայր Թովմասյանը, որը Սահմանադրական դատարանում ներկայացնում էր Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ այս հարցը վիճարկած եւ վերջին հաշվով հաղթած 27 պատգամավորներին, արձագանքեց. - «Վերջին պահին ոտքի վրա ընդունված բան էր: Հարցադրումը հետեւյալն էր` ընտրական հանձնաժողովներում ընդգրկել այնպիսի կառույցների ներկայացուցիչների, որոնք հասարակական վստահություն ունեն... Որոշումն ընդունվեց, եւ, կարծեք թե, շրջանցեցինք Սահմանադրությունը»:

Շավարշ Քոչարյանի նախաձեռնությամբ խորհրդարանում շրջանառության դրված նախագծում ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են միմիայն խորհրդարանի խմբակցությունների նշանակած անդամներից: Բայց, ինչպես հայտնի է, այդ նախագիծը չի քննարկվում: Հրայր Թովմասյանն ունի՞ առաջարկ, թե երկու դատավորներին ումով կարելի է փոխարինել. - «Թիվը կարեւոր չէ, մեխանիզմն այսպես պետք է լինի մեր իրականության մեջ: Քաղաքական իշխանությունը եւ քաղաքական ընդդիմությունը պետք է ընտրական հանձնաժողովներում ձեւավորված լինեն հավասարապես»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG