Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ՍԻՄ-ին խորհուրդ է տալիս միանգամից դիմել դատարան


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «Սահմանադրական իրավունք» միությունից (ՍԻՄ) հերքման որեւէ պահանջ չի ստացել, իսկ ՍԻՄ-ին խորհուրդ տվեց միանգամից դիմել դատարան:

Անցած շաբաթ ՍԻՄ-ի գործադիր խորհրդի նիստում քննարկվել էր «Հայկական ժամանակ» թերթում այս կուսակցության հետ կապված հրապարակումների հարցը:

Մասնավորապես, թերթում «Քաղաքական գրդոնի ասպետները» վերնագրով հոդված էր հրապարակվել, որն անդրադառնում էր ՍԻՄ-ի երկու անդամների ձայնագրված զրույցին, որում նրանցից մեկը պատմում է 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններից հազարավոր դոլարներ հավաքելու եւ Հայկ Բաբուխանյանին փոխանցելու մասին: Հոդվածագիրը եզրակացրել էր, որ «սույն ընդդիմադիր կուսակցությունը նախագահական, խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններում զբաղված է եղել գրդոնով՝ հանձնաժողովների իր տեղերը վաճառելով»։

ՍԻՄ-ի գործադիր խորհուրդը հերքման տեքստ էր պատրաստել, որը ներկայացվելու էր թերթին: Հերքման չտպագրվելու դեպքում, ըստ ՍԻՄ-ի ղեկավար, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի, իրենք դատարան են դիմելու՝ զրպարտության մեղադրանքով:

«Մեր թերթում մարդիկ տիրապետում են իրենց աշխատանքին, եւ եթե տեսնում են, որ կարող է հերքման խնդիր ծագել, այսինքն՝ փաստերի հետ կապված խնդիր կարող է առաջանալ, նրանք նախընտրում են այդ նյութը չտպագրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նիկոլ Փաշինյանը: - «Եթե ինչ-որ բան տպագրվել է «Հայկական ժամանակ»-ում, նշանակում է՝ հերքման մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է»:

«Այնպես որ, ես պարոն Բաբուխանյանին եւ ՍԻՄ-ի հարգարժան գործընկերներին խորհուրդ կտայի միանգամից դիմել դատարան», - ամփոփեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG