Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Lեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի այցը Միացյալ Նահանգներ: Այն բավական հագեցած է լինելու տարբեր հանդիպումներով եւ կշարունակվի գրեթե երեք շաբաթ` մինչեւ նոյեմբերի 25-ը:


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վաշինգտոնում Lեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը, այցը նախեւառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում է տեղի ունենում: Ինչպես եւ ամեն տարի աշնանը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում հիմնադրամի հեռուստամարաթոնի ուղղությամբ:

Ըստ Բարսեղյանի, Լեռնային Ղարաբաղի նախագահի հիմնական հանդիպումները ամերիկահայ համայնքի տարբեր կազմակերպությունների եւ ներկայացուցիչների հետ են լինելու:

Առաջիկա երեք օրերը Արկադի Ղուկասյանը կանցկացնի Նյու Յորքում:

Այցի ծրագրում բացակայում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը: Վարդան Բարսեղյանը պարզաբանեց, որ «հիմնական շեշտը համայնքային հանդիպումների վրա է դրվելու, իսկ Վաշինգտոնի հայ համայնքը այնքան էլ մեծ չէ»: Արեւելյան ափում նախագահ Ղուկասյանը կայցելի նաեւ Բոսթոն ու Դեթրոյթ, ապա կուղեւորվի Կալիֆորնիա:

Այդուհանդերձ, Վաշինգտոնում Ղարաբաղի ներկայացուցիչը չբացառեց, որ ամերիկյան այս այցի ընթացքում եւս Արկադի Ղուկասյանը հանդիպի Կոնգրեսի` հայանպաստ դիրքորոշմամբ հայտնի մի շարք անդամների հետ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG