Մատչելիության հղումներ

Ըստ Transparency International միջազգային կազմակերպության` երկուշաբթի օրը հրապարակած աղյուսակի, կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում 2006 թվականին փոփոխության չի ենթարկվել անցած տարվա համեմատությամբ: 163 երկրների շարքում այդ ցուցանիշով Հայաստանում մնացել է նույն 93-րդ տեղում:

Այդ տեղը Հայաստանը կիսում է Արգենտինայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Էրիթրեայի, Սիրիայի եւ Տանզանիայի հետ:

Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանի մեկնաբանությամբ, հրապարակվածը «միայն ձեռներեցների եւ փորձագետների կարծիքն է». - «Մեր ուսումնասիրությունները եւ այլ ուսումնասիրությունները, որոնք գնահատում են հասարակության կարծիքը, ունեն ավելի տխուր տվյալներ, որոնք կհրապարակենք»:

Ամալյա Կոստանյանի գնահատմամբ, հակակոռուպցիոն հանձնաժողովը 2006-ին բավական անարդյունավետ է գործել: Նրա հավաստմամբ, անցած 10 ամսվա ընթացքում այդ կառույցը, որ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, նիստ չի գումարել:

Կոստանյանի խոսքերով, չնայած ընդունված մի շարք օրենքներին ու ստեղծված մի շարք հակակոռուպցիոն կառույցներին, Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը դեռեւս կրում է «իմիտացիոն բնույթ». - «Ունենք օրենքներ, որոնք չեն կատարվում... Չկա պատժվող բարձրաստիճան պաշտոնյա, եւ ամենակարեւորը` իշխանությունները ընտրությունների շեմին ոչ մի պատասխանատվություն չեն կրում ձախողման համար»:

Երկիրը տնտեսական երկնիշ աճ արձանագրելուն համընթաց, փորձագետների ուսումնասիրության համաձայն, արձանագրում է նաեւ կոռուպցիայի աճ. - «Ո՞ւր է գնում այդ հարստությունը եւ ո՞վ է օգտվում այդ տնտեսական աճից... Եվ ինչքանո՞վ է ապահովվում սոցիալական արդարությունը այս երկրում»:

Քաղաքական կոռուպցիան, Ամալյա Կոստանյանի գնահատմամբ, այսօր «անթաքույց» է. - «Տեսնում ենք հատկապես հեռուստատեսությամբ վարչական ռեսուրսների չարաշահման դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հավակնում են իշխանության գալ ապագայում, արդեն օգտագործում են եւ իրենց դիրքը, եւ հեռուստատեսության միջոցները»:

Նախորդ տարվա համեմատ կոռուպցիայի մակարդակի վատթարացում են արձանագրել մոտ մեկ տասնյակի հասնող երկրներ` այդ թվում Միացյալ Նահանգները: Կոռուպցիայի մակարդակի բարելավում է զգացվել, օրինակ, մեր տարածաշրջանային հարեւան Թուրքիայի մոտ: Նախկին խորհրդային հանրապետություններից կոռուպցիայի ցուցանիշը բարելավել են Լատվիան եւ Թուրքմենստանը:

ԱՊՀ-ի երկրներից կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանից փոքր-ինչ բարվոք վիճակում է Մոլդովան: Հայաստանից ավելի բարձր կոռուպցիայի ցուցանիշներ ունեն ԱՊՀ-ի մյուս բոլոր երկրները:

Ամենակոռումպացված երկիրը, ըստ Transparency International-ի ուսումնասիրությունների, Հաիթին է, իսկ կոռուպցիայի ամենացածր մակարդակ ունեցող երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG