Մատչելիության հղումներ

Բուրջանաձեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կներկայացնի Վրաստանի իրավիճակը


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն նոյեմբերի 27-ին կմեկնի Ռիգա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ուր զեկույց կկարդա Վրաստանում իրավիճակի վերաբերյալ՝ շեշտը դնելով վրաց-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է «Կովկասպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

ՆԱՏՕ-ում Լատվիայի դեսպան Յանիս Էյչմանիսը հայտնել է, որ գագաթնաժողովում քննարկվելու է ՆԱՏՕ-ի երկխոսությունը Վրաստանի եւ Ուկրաինայի հետ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման լույսի ներքո: Նրա խոսքերով, Լատվիան շահագրգռված է ՆԱՏՕ-ի եւ այդ երկրների միջեւ համագործակցության խորացմամբ:

Ներկայումս Ֆրանսիան ընդդիմանում է ՆԱՏՕ-ում Վրաստանի, Ուկրաինայի եւ մի քանի այլ երկրների ընդգրկմանը:

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Փարիզ է մեկնում Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին, որը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի արտգործնախարարությունում: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, այցի ընթացքում նա ջանալու է պարզել պաշտոնական Փարիզի դիրքորոշումը Հյուսիսատլանտյան դաշինք Վրաստանի հնարավոր ընդունելության առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG