Մատչելիության հղումներ

Ամերիկացի ընտրողների մեծ մասը փոփոխություն է ուզում


Վաղը ԱՄՆ-ում անցկացվելիք միջանկյալ ընտրություններում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները պայքարելու են 100-տեղանոց Սենատի 33 եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի համար: Բացի այդ, 36 նահանգներում տեղի են ունենալու նահանգապետի ընտրություններ, ընտրվելու են նաեւ հազարավոր օրենսդիրներ նահանգային խորհրդարաններում:

Երկու կուսակցությունները փորձում են համոզել մարդկանց՝ մասնակցել ընտրություններին, քանի որ այս տարի, ըստ հարցումների, ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը շատ փոքր է՝ մոտ 40 տոկոս:

Հանրապետական թեկնածուները, հիմնականում, կենտրոնանում են ընտրողներին վստահեցնելու վրա, թե իշխանության գալով՝ դեմոկրատները կբարձրացնեն հարկերը եւ զորքերը ժամանակից շուտ անիմաստ կերպով դուրս կբերեն Իրաքից:

Դեմոկրատները ցանկանում են ապացուցել, որ հանրապետականները Կապիտոլիումում կուրորեն հետեւում են Բուշի «ձախողված քաղաքականությանը»:

Ընտրողների մեծ մասը ցանկանում է փոփոխություն, քանի որ ցածր է գնահատում ինչպես նախագահի, այնպես էլ հանրապետականների կողմից ղեկավարվող Կոնգրեսի աշխատանքը:

Նրանց հոգնեցրել է Իրաքի անորոշ պատերազմը, ավելի ու ավելի շատ է մտահոգում ամերիկացի զոհերի գնալով աճող թիվը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի այն հայտարարությանը, թե «վարչակազմը շարունակելու է Իրաքում իր ռազմավարությունը ամբողջ արագությամբ», դեմոկրատ Հիլարի Քլինթոնը պատասխանել է. - «Շատ հիմար արագությամբ՝ դեպի ժայռերի պատնեշը»:

Դեմոկրատներն ընտրարշավի սկզբում կենտրոնացել էին թոշակի անցնող հանրապետականների թափուր տեղերի վրա, ինչպես նաեւ այն տարածքների, որտեղ 2004 թվականին Բուշը չնչին տարբերությամբ էր հաղթանակ գրանցել:

Սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրանք ընդարձակել են գրոհի ճակատը՝ փորձելով տեղեր վերցնել նաեւ այն նահանգներից, որոնք սովորաբար պաշտպանել են հանրապետականներին՝ ինչպես, օրինակ, Վայոմինգը եւ Այդահոն:

Սպասվում է, որ այս ընտրությունները կլինեն մինչ այժմ անցկացված բոլոր ընտրություններից ամենաթանկը եւ կարժենան շուրջ 2 միլիարդ 600 միլիոն դոլար:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG