Մատչելիության հղումներ

Գեղամ Մանուկյանը մարտահրավեր է նետել Ռեջեփ Էրդողանին


Ուրբաթ օրը ելույթ ունենալով Ստամբուլում գումարված հեռասփռողների News Exchange միջազգային համաժողովում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: Հայաստանի պատվիրակ Գեղամ Մանուկյանն առարկել է՝ ասելով, որ Ստամբուլն է քաղաքը, որտեղ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը խորհրդանշել է ցեղասպանության սկիզբը: Ապա նա պարզել է ցուցապաստառ՝ «Թուրքիան պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար, «Երկիր Մեդիա» հեռուստատեսության տնօրենի քաղաքական-վերլուծական հաղորդումների գծով խորհրդական Գեղամ Մանուկյանը, որն այսօր արդեն վերադառնում է Երեւան, Թուրքիայի վարչապետի «ռեակցիան սարսափելի էր՝ եւ ջղային, եւ անակնկալի եկած»:

Թուրք լրագրողները, ըստ նրա, խիստ մեծ հետաքրքրասիրություն են ցուցաբերել, «բայց արդեն մի քանի ժամ հետո նրանց եթերում եւ թղթակցություններում առկա էր սարսափելի կողմնակալ լրատվություն»:

«Երբ արդեն տեսախցիկից դուրս էին, հավաքից հետո մոտենում-խոսում էին՝ մի քիչ անհանգստացած, մի քիչ ավելի զգուշացնող՝ «ոստիկաններից զգույշ մնացեք, շատ մեծ խնդիր չի լինի, բայց, ամեն դեպքում, զգույշ մնացեք»: Այդ վախի զգացումը, իհարկե, կար», - պատմեց Գեղամ Մանուկյանը:

Ոստիկանության կողմից վերաբերմունքը կոռեկտ է եղել. - «Շատ խոշոր միջազգային համաժողով էր: Միակ խնդիրն այն էր, որ ցանկություն ունեին առանձին զրուցելու կամ ոստիկանատուն տանելու: Բայց հաշվի առնելով, որ այնտեղ հավաքված էին շուրջ 500 միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ (ընդհուպ՝ շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ասում էին, թե «մենք միայն միասին կարող ենք գնալ ոստիկանատուն»), նրանք ուղղակի խուսափեցին ավելորդ գործողություններից»:

Գեղամ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ «այս օրերին Ստամբուլում եւ ամբողջ Թուրքիայում Ֆրանսիայի որոշման հետ կապված շատ պրկված իրավիճակ էր»:

«Նման խոշոր համաժողովի բեմը օգտագործելով՝ Թուրքիայի վարչապետը շատ խիստ տոնով կրկին անգամ փորձեց ընդհանրապես մերժել ցեղասպանության փաստը, ինչը, բնականաբար, մտահոգիչ է», - ամփոփեց հայ պատգամավորը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG