Մատչելիության հղումներ

Freedom House-ի հայտարարությունը մեկնաբանում են իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները


«Շատ զարմանալի է, որ նման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը նման կոչեր է անում», - ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մեկնաբանելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը:

Ուրբաթ օրը Freedom House-ը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային կոչ է արել դադարեցնել Հայաստանին տրամադրվելիք օգնությունը, քանի որ «Հայաստանը չի կատարել կորպորացիային տված իր խոստումը՝ բարելավել ինստիտուցիոնալ հավատարմությունը ժողովրդավարությանը եւ հանդուրժողականությանը ընդդիմության հանդեպ»:

«Հակառակ կորպորացիայի գլխավոր գործադիր պաշտոնյա, դեսպան Դանիլովիչի հորդորի՝ 2005 թվականի նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումները չեն հետաքննվել: Հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների կենսագործումը 2006 թվականին կանգ է առել, եւ ընդդիմության կարծիքով, առաջիկա ընտրությունները կրկին ուղեկցվելու են խախտումներով: Բազում հակաժողովրդավարական միջոցներ են կիրառվում իշխանությունը պահելու համար: Դատական ճյուղը մնում է գործադիր ճյուղի կողմից քաղաքական ճնշման առարկա: Չնայած նոր օրենսդրություն է ընդունվել լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով, մթնոլորտը լրատվության բնագավառում չի բարելավվել, եւ բռնությամբ ուղեկցվող հարձակումները լրագրողների վրա շարունակվում են», - ասված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:

Տիգրան Թորոսյանի կարծիքով, փորձ է արվում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի վրա ճնշում գործադրել, իսկ «այն «հիմնավորումները», որ բերվում են, բացարձակապես զուրկ են հիմքից»:

«Ճիշտ հակառակը՝ ես խորհուրդ կտայի, որ իրենք նայեն այն ցուցանիշները, որ հենց իրենք են արձանագրել Հայաստանի պարագայում եւ 2006 թվականին բարելավում են արձանագրել», - ասաց Տիգրան Թորոսյանը: - «Հենց Freedom House-ը բարելավում է արձանագրել Հայաստանի ցուցանիշներում»:

Ավելին, Ազգային ժողովի նախագահի խոսքերով, «բացարձակապես մասնագիտական գնահատական չէ» հայտարարությունը «հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների» մասին. - «Սա ցույց է տալիս, որ ուղղակի միտումներ կան այս գնահատականների մեջ»:

Թորոսյանը զարմանալի է համարում նաեւ այն, որ «միակողմանի գնահատականներ են տրվում, ընդ որում՝ ընտրություններից 6-7 ամիս առաջ, ապագա ընտրությունների որակի վերաբերյալ, ընդ որում՝ առանց որեւէ հիմնավորման»:

«Այս ամենը ակնհայտորեն ցույց է տալիս մեկ բան՝ որ սա զուտ քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություն է», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը:

Թե ի՞նչ նպատակներ՝ Թորոսյանը չկոնկրետացրեց. - «Թող իրենք մեկնաբանեն: Բայց ես նշեցի մի քանի ակնհայտ փաստ, որոնք ցույց են տալիս, որ սա չի կարելի որպես չեզոք գնահատական ներկայացնել»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նույն հարցի առնչությամբ հայտարարեց. - «Ցավ եմ ապրում, որ Freedom House-ը իր սկզբունքային որոշումը կայացնելիս հաշվի չի առել դրա հետեւանքները»:

Իսկ հետեւանքները, ըստ Գեղամյանի, հետեւյալն են. - «Ըստ էության, այսօր այս հակաժողովրդական, ոչ լեգիտիմ իշխանությունները հիմա մեր ազգին, մեր ժողովրդին կասեն՝ տեսեք, ընդդիմության ատելությունը մեր հանդեպ ինչքան շատ էր, որ հայ գյուղացուն զրկեցին օգնությունից: Թշնամանքի սերմ կփորձեն սերմանել գյուղական բոլոր այն վայրերում, որտեղ այդ ծրագրի շրջանակներում պետք է բավական լուրջ աշխատանքներ կատարվեին»:

«Ստացվում է այնպես, որ ապիկար իշխանությունների համար պատիժը կրելու են ոչ թե իշխանությունները, այլ ժողովուրդը», - ամփոփեց Արտաշես Գեղամյանը:

Նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007 թվականին օգնություն ստանալու համար:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG