Մատչելիության հղումներ

Freedom House֊-ը հորդորել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնությունը Հայաստանին


Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր կոչ է արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնության տրամադրումը մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանին՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով:

«Նոյեմբերի 8-֊ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007 թվականին օգնություն ստանալու համար: Freedom House-֊ը հորդորում է կորպորացիային շրջանցել այն երկրները, որոնք ցածր գնահատականներ ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում, թեեւ այլ ցուցանիշներով դրանք բավարարում են այս տարվա ընտրության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չափանիշներին: Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բութանը, Եգիպտոսը, Հորդանանը, Մալդիվյան կղզիները, Թունիսը եւ Վիետնամը», -֊ ասված է Freedom House-֊ի` այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որով ԱՄՆ-֊ը առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին հատկացնելու է 235 միլիոն դոլար՝ հիմնականում գյուղական վայրերի զարգացման համար:

«Freedom House-֊ը հորդորում է կորպորացիային ուշադրությամբ հետեւել Հայաստանի նման երկրներին, որոնց հետ համաձայնագրեր են կնքվել, բայց որոնք չեն ապահովում հանձնառած չափանիշները ժողովրդավարական կառավարման բնագավառում: Հայաստանը կորպորացիայի քաղաքականության կարեւոր փորձաքարն է, քանզի այս տարի ավելի վաղ ստորագրել է համաձայնագիրը, սակայն դրանից հետո հետընթաց է գրանցում խոստացած բարեփոխումների իրագործման ոլորտում», -֊ փաստել է իրավապաշտպան կազմակերպությունը:

«Հայաստանը չի կատարել կորպորացիային տված իր խոստումը՝ բարելավել ինստիտուցիոնալ հավատարմությունը ժողովրդավարությանը եւ հանդուրժողականությանը ընդդիմության հանդեպ: Հակառակ կորպորացիայի գլխավոր գործադիր պաշտոնյա, դեսպան Դանիլովիչի հորդորի՝ 2005 թվականի նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տված խախտումները չեն հետաքննվել: Հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների կենսագործումը 2006 թվականին կանգ է առել, եւ ընդդիմության կարծիքով, առաջիկա ընտրությունները կրկին ուղեկցվելու են խախտումներով: Բազում հակաժողովրդավարական միջոցներ են կիրառվում իշխանությունը պահելու համար: Դատական ճյուղը մնում է գործադիր ճյուղի կողմից քաղաքական ճնշման առարկա: Չնայած նոր օրենսդրություն է ընդունվել լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով, մթնոլորտը լրատվության բնագավառում չի բարելավվել, եւ բռնությամբ ուղեկցվող հարձակումները լրագրողների վրա շարունակվում են», -֊ եզրափակել է Freedom House-֊ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG