Մատչելիության հղումներ

logo-print

Իտալիայի հյուպատոսարանի առջեւ օդ կրակելով` մի թուրք իր բողոքն է հայտնել Պապի առաջիկա այցի դեմ


Հինգշաբթի օրը Ստամբուլում Իտալիայի հյուպատոսության առջեւ հրացանից օդ կրակելու համար մի թուրք է ձերբակալվել: Ենթադրվում է, որ կրակելու, ապա հրացանը հյուպատոսարանի այգին նետելու միջոցով նա իր բողոքն է հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի Թուրքիա կատարելիք այցի դեմ:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին եւ հանձնել ոստիկանությանը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի այցը Թուրքիա սկսվելու է նոյեմբերի 28-ին:

Շուրջ մեկ ամիս առաջ Պապը մահմեդական աշխարհի վրդովմունքն էր հարուցել իսլամի մասին Գերմանիայում արած իր հայտարարություններով: Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի (սրբազան պատերազմի) իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG