Մատչելիության հղումներ

Ազատ արձակված Չախալյանը «հերյուրանք» է որակում իրեն առաջադրված մեղադրանքը


«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում իրեն առաջադրված` վրաց-հայկական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը «հերյուրանք» որակեց, սակայն չցանկացավ անդրադառնալ իր ձերբակալման փաստին` պատճառաբանելով, թե գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Չախալյանը կալանվել էր հոկտեմբերի 11-ին` պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով, եւ ազատ էր արձակվել Հայաստանի քրեական եւ ռազմական գործերով վերաքննիչ դատարանի վճռով անցած երկուշաբթի: Հաշվի առնելով նաեւ Ազգային ժողովի 16 պատգամավորների միջնորդությունը` դատարանը խափանման միջոց էր ընտրել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը:

Վահագն Չախալյանի խոսքով, իրենց եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հակասություններ չկան, պարզապես ջավախահայերը Երեւանից սպասելիքներ ունեն, սակայն «Հայաստանի իշխանությունները անում են այն, ինչ իրենք են ճիշտ գտնում»:

Ինչ վերաբերում «Միասնական Ջավախք»-ի ընդդիմադիր կեցվածքին, ապա, ըստ Վահագն Չախալյանի, այն ամենեւին էլ կապված չէ վրաց-ռուսական հարաբերությունների հետ: Նրա բնորոշմամբ, իրենք պայքարել եւ պայքարելու են` լուծելու համար մի շարք հիմնախնդիրներ. - «Վրացերենին համահավասար լեզվի կարգավիճակի հարցը Ջավախքում, Կարս - Ախալքալաքի հարցը, վրացական զորքերի տեղակայման հարցը Ջավախքում, որը մեզ համար բացարձակապես անընդունելի է, մշակութային արժեքների պահպանությունը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG