Մատչելիության հղումներ

Բուշի ներկայիս վարկանիշն ամենացածրն է նրա նախագահության ամբողջ ընթացքում


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարկանիշը շարունակում է անկում գրանցել: «Նյու 3որք Թայմս» թերթի եւ CBS News հեռուստակայանի անցկացրած համատեղ հարցախույզի արդյունքներով, Բուշի ներկայիս վարկանիշն ամենացածրն է նրա նախագահության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում:

Վերլուծությունները վկայում են, որ գալիք երեքշաբթի կայանալիք միջանկյալ ընտրությունների նախօրեին ամերիկացիների զգալի մեծամասնությունը հուսով է, որ դեմոկրատներին կհաջողվի նվազեցնել կամ էլ ընդհանրապես վերջ տալ ամերիկյան ռազմական ներկայությանը Իրաքում:

«Նյու 3որք Թայմս»-ի եւ CBS News-ի անցկացրած հարցախույզի 1084 մասնակիցների մեծ մասը համոզված է, որ հանրապետականները, ընդհակառակը, կփորձեն երկարաձգել եւ ընդարձակել Իրաքում ամերիկացի զինծառայողների տեղակայումը:

Հոկտեմբերի 27-31-ը անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, ընտրողների միայն 29 տոկոսն է հավանություն տալիս Իրաքում Բուշի վարած քաղաքականությանը: 70 տոկոսը ենթադրում է, որ նախագահը պատերազմն ավարտելու մտադրություն չունի, 80 տոկոսը համոզված է, որ Բուշի վերջին օրերի ակտիվ հրապարակային ելույթները չեն վկայում քաղաքականությունը փոխելու մասին եւ սոսկ հռետորական բնույթի են:

«Նյու 3որք Թայմս»-ի փոխանցմամբ, հարցախույզի արդյունքները վկայում են, որ ամերիկյան հասարակության մեծ մասն այսօրվա դրությամբ հակված է աջակցելու դեմոկրատներին:

Միաժամանակ, թերթը նշում է, որ հարցախույզն արտահայտում է ամերիկացիների տրամադրությունները, սակայն այն չի կարելի համարել Կոնգրեսի ընտրությունների արդյունքների կանխատեսում:

Հարցվածների 33 տոկոսն ասել է, թե ընտրություններում աջակցելու է հանրապետականներին, 52 տոկոսը՝ դեմոկրատներին: Երիտասարդ ընտրողների շրջանում 50 տոկոսն աջակցում է դեմոկրատներին եւ միայն 23 տոկոսը՝ հանրապետականներին:

Բուշի աջակցության վարկանիշը կազմել է 34 տոկոս: Վերլուծաբանները նշում են, որ 1994 թվականի հոկտեմբերի միջանկյալ ընտրությունների նախօրեին նախագահ Բիլ Քլինթոնի վարկանիշը 43 տոկոս էր, սակայն հենց այդ տարի հանրապետականները հաղթել եւ մեծամասնություն էին ստացել Կոնգրեսում:

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի են ունենում երկու տարին մեկ՝ նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը:

2006 թվականի նոյեմբերի 7-ին թեկնածուները պայքարելու են 100-տեղանոց Սենատի 33 տեղերի եւ Կոնգրեսի բոլոր 435 տեղերի համար: Բացի այդ, 34 նահանգներում տեղի կունենան նահանգապետերի ընտրություններ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG