Մատչելիության հղումներ

logo-print

Քերին ներողություն է խնդրում անհաջող կատակի համար


ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերին ներողություն է խնդրել «անհաջող կատակի» համար, որն արել էր Կալիֆոռնիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Երկուշաբթի օրը Քերին կալիֆոռնիացի ուսանողներին հայտարարել էր, թե եթե նրանք կրթություն չստանան, ապա «կլռվեն Իրաքում»:

«Անկեղծորեն ցավում եմ, որ իմ խոսքերը սխալ են մեկնաբանվել, եւ ներողություն եմ հայցում ծառայության մեջ գտնվողներից, նրանց ընտանիքների անդամներից եւ բոլոր ամերիկացիներից, ովքեր վիրավորվել են դրանցից», - ասված է չորեքշաբթի օրը Քերիի տարածած հայտարարությունում:

Մասաչուսեթսը ներկայացնող դեմոկրատ սենատորը պարզաբանել է, որ իր կատակն ուղղված էր երկրի նախագահ Ջորջ Բուշի դեմ, սակայն ընկալվել է որպես վիրավորանք զինվորականների հասցեին:

«Պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը կխոսեր ամեն ինչի մասին՝ բացի անվտանգության ոլորտում իր ձախողված քաղաքականությունից», - հայտարարել է Քերին եւ հավելել. - «Ես չեմ ուզում, որ իմ կողմից լեզվի սայթաքումը շեղի իրական հարցերից: Ես շարունակելու եմ պայքարել ուղեգծի փոփոխության համար՝ ապահովելու իրական անվտանգություն՝ մեր երկրի համար, եւ հաղթական ռազմավարություն՝ մեր զորքերի համար»:

Ջորջ Բուշը դատապարտել էր Քերիի հայտարարությունը որպես «վիրավորական» եւ «ամոթալի» ամերիկացի զինծառայողների համար:

Երեքշաբթի օրը կայացած ասուլիսում Քերին հրաժարվել էր ներողություն խնդրել՝ հայտարարելով. - «Եթե որեւէ մեկը ներողություն պետք է խնդրի մեր զինվորներից, ապա դա նախագահն է»: Սակայն հաջորդ օրը նա հրապարակել է վերոհիշյալ հայտարարությունը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, թե «Քերիի հայտարարությունն ուշացած էր, սակայն՝ իրավացի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG