Մատչելիության հղումներ

ՍԻՄ-ը հերքում է պահանջում «Հայկական ժամանակ»-ից


Չորեքշաբթի օրը ուշ երեկոյան «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) գործադիր խորհրդի նիստում քննարկվել է «Հայկական ժամանակ» թերթում այս կուսակցության հետ կապված հրապարակումների հարցը, հերքման տեքստ է պատրաստվել, որն այսօր ներկայացվելու է «Հայկական ժամանակ»֊-ին:

ՍԻՄ-ի ղեկավար, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ եթե հերքումը չտպագրվի, իրենք դատարան կդիմեն՝ զրպարտության մեղադրանքով:

«Հայկական ժամանակ»-ը օրերս հոդված էր հրապարակել «Քաղաքական գրդոնի ասպետները» վերնագրով, որն անդրադառնում էր ՍԻՄ-ի երկու անդամների ձայնագրված զրույցին, որում նրանցից մեկը պատմում է 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններից հազարավոր դոլարներ հավաքելու եւ Հայկ Բաբուխանյանին փոխանցելու մասին: Հոդվածագիրը եզրակացրել էր, որ «սույն ընդդիմադիր կուսակցությունը նախագահական, խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններում զբաղված է եղել գրդոնով՝ հանձնաժողովների իր տեղերը վաճառելով»։

Այն հարցին, թե հիշո՞ւմ է արդյոք վերջին շուրջ 15 տարիներին Հայաստանում որեւէ նախադեպ, երբ լրատվամիջոցը լրատվամիջոցին դատի է տվել, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. - «Հարցը օրինաչափ չէ, քանի որ տվյալ դեպքում կուսակցությունն է պահանջելու հերքում, եւ հետագայում, եթե հերքումը չտպագրվի, կուսակցությունն է պահանջելու դատական ընթացք»:

Նա հավաստիացրեց, որ «թերթերի միջեւ բացարձակապես որեւէ լրատվական պատերազմ չկա, «Հայկական ժամանակ»-ի թիկունքում կանգնած է «Այլընտրանք» կազմակերպությունը, որը հայտնի է իր քաղաքական ուղղվածությամբ եւ այդտեղ ներկայացված քաղաքական դեմքերի անցյալով»:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն անդամակցում է «Այլընտրանք» հասարակական֊-քաղաքական նախաձեռնությանը:

«Իսկ «Սահմանադրական իրավունք» միությունը նույնպես քաջ հայտնի է հասարակությանը իր ընդդիմադիր կեցվածքով», - հավելեց Հայկ Բաբուխանյանը:

Այնուհանդերձ, կուսակցության ղեկավարի խոսքերով, կատարվածը պետք է համարել ոչ թե ՍԻՄ-ի եւ «Այլընտրանք»-ի միջեւ, այլ ՍԻՄ-ի եւ իշխանությունների միջեւ հակասություն եւ պայքար:

Հարցադրմանը, որ «Այլընտրանք»-ը իշխանությունների հետ ոչ մի կապ չունի, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. - «Մենք պետք է նայենք ոչ թե ով ինչ է ասում, այլ ով ինչ է անում: Ակնհայտ է՝ պատվիրված, անհայտ ինչ-որ ձայնագրությունների վրա հղումները, բացարձակապես ստահոդ լուրերը, առանց փաստերի զրպարտանքները եւ պատվերները «Սահմանադրական իրավունք» միության եւ նրա «Իրավունք» պաշտոնաթերթի դեմ այսօրվա դրությամբ ձեռնտու են միայն ու միայն իշխանություններին, որոնք խնդիր ունեն զրկել ընդդիմադիր ճակատը լրատվական հզոր միջոցներից, ինչը եւ վերջին շրջանում անընդհատ արվում է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG