Մատչելիության հղումներ

logo-print

MTV Europe-2006-ում եւս System of a Down-ը հավակնում է լավագույն այլընտրանքային խմբի տիտղոսին


Այսօր երեկոյան Կոպենհագենում կկայանա MTV Europe-ի հերթական` 13-րդ մրցանակաբաշխությունը: Երկրորդ տարին անընդմեջ այս միջոցառման գլխավոր դերակատարներից է լինելու System of a Down խումբը, որը այս տարի եւս պայքարում է լավագույն այլընտրանքային խմբի տիտղոսի համար:

Անցած տարի System of a Down-ը ոչ միայն հաղթեց այս անվանակարգում, այլեւ դարձավ MTV Europe-ի լիսաբոնյան մրցանակաբաշխության գլխավոր հայտնություններից մեկը. խմբին էր վերապահված միջոցառումը փակելու պատիվը:

Ամերիկյան այս ռոք-խմբի բոլոր 4 անդամներն ունեն հայկական ծագում՝ Սերժ Թանգյան, Տարոն Մալաքյան, Շավո Օդաջյան եւ Ջոն Դոլմայան:

Կոպենհագենյան մրցանակբաշխության միանգամից 4 անվանակարգերում ներկայացված է Red Hot Chili Peppers խումբը, որը պայքարելու է «Լավագույն խումբ», «Լավագույն ռոք խումբ», «Լավագույն ալբոմ» եւ «Լավագույն երգ» անվանակարգերում:

Ինչ վերաբերում է փոփ-աստղերին, այստեղ եւս մեծամասամբ հայտնի անուններ են:

Մադոննան ներկայացված է միանգամից 3 անվանակարգերում` «Տարվա երգչուհի» «Լավագույն փոփ-կատարող» եւ «Լավագույն ալբոմի հեղինակ»:

Ռոբի Ուիլյամսը հավակնում է տարվա երգչի եւ լավագույն փոփ-կատարողի տիտղոսներին:

Տարբեր անվանակարգերում ներկայացված են նաեւ Ջասթին Թիմբերլեյքը, Depeche Mode խումբը, Շակիրան, Նելլի Ֆուրտադոն ու Քրիստինա Ագիլիերան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG