Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ երեկ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության նախագիծը:

«Ժամանակ-Երեւան» թերթը հրապարակել է մի շարք լրագրողների, քաղաքացիների հայտարարությունը, որով Արման Բաբաջանյանի դեմ դատավճիռը գնահատվում է լրատվամիջոցների դեմ նախընտրական ճնշումների շրջանակներում:

Հայաստանի հարեւանների հարաբերությունների թեմային անդրադառնալով`«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն առանձնացրել է. - «Ռուս-վրացական հարաբերությունների նոր վատթարացման պայմաններում Հայաստանը կարող է ապահովագրվել գազային բլոկադայից եւ միաժամանակ Վրաստանից իր տրանսպորտային կախվածության փաստը հակակշռել այդ երկրի էներգետիկ կախվածության մեծացման հեռանկարով: Չնայած Ռուսաստանից պարբերաբար եկող լուրջ ազդակներին` Հայաստանը կարողացել է Ջավախքի գործոնը դուրս բերել ռուս-վրացական դիմակայության դաշտից։ Եվ այժմ Կարս - Ախալքալաքի շինարարությունն սկսելու միջոցով փաստորեն ոչ թե Հայաստանը, այլ Վրաստանն ինքն է կանգնելու Ջավախքի գործոնը «արթնացնելու» եւ իր դեմ խաղարկելու գայթակղության առջեւ»։

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, նույն թերթի այսօրվա համարում ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարը զուգահեռելով Կոսովոյի խնդրի հնարավոր լուծման հետ, արձանագրել է. - «Մեծ հաշվով 1994 թվականի մայիսյան հրադադարից ի վեր ստատուս քվոյի պահպանմամբ Հայաստանը զրկվել է նորմալ կենսագործունեությունից` երկրի տնտեսական բարգավաճումը փոխակերպելով ֆեոդալների, քվազիֆեոդալների եւ օլիգարխների բարգավաճման համար նպաստավոր բոստանի: Ոչ առաջին տարին Երեւանը ռազմական հզորությամբ զիջում է Բաքվին, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումներին ավելացել են նաեւ ստրատեգիական գործընկերոջ` Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետը փակելու ոչ եզակի դեպքերը: Այս ամենը ոմանց ցինիկ կթվա, բայց սա այն իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստեն միաժամանակ Երեւանն ու Բաքուն: Եվ եթե հաշվի առնենք, որ ժամանակն աշխատում է Բաքվի օգտին, Երեւանի համար հետեւություններ անելու սահմանված ժամկետն ավարտվում է»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացրել է, թե «Լեռնային Ղարաբաղի ոստիկանապետ Արմեն Իսագուլովի նախաձեռնությամբ ոստիկանները սոցհարցումներ են անցկացնում ողջ Արցախով մեկ` պարզելու համար, թե ժողովուրդն ինչպես է վերաբերվում գործող նախագահի՝ եւս մեկ անգամ առաջադրվելու հարցին». - «Կարելի է կարծել, որ Իսագուլովը հետեւում է ՀՀ գլխավոր դատախազի մտցրած մոդային. եթե Աղվան Գառնիկիչը ծառ է տնկում ու շուրջպար կազմակերպում, Իսագուլովն էլ ձեռի հետ սոցհարցում է անցկացնում... Իրականում, սակայն, այս ամենը մի նպատակ ունի՝ որպեսզի հարմար հող ստեղծվի «ժողովրդի խնդրանքի» համար. իբր նախագահը ուզում է գնալ, բայց ժողովուրդը նրան «պինդ բռնել ու բաց չի թողնում», քանի որ այլեւս չի պատկերացնում իր գոյատեւումը առանց Արցախի ժողովրդավարության հոր ու լոկոմոտիվի»։

«Ազգ» թերթի մեկնաբանը, այսօր գնահատելով պատգամավորիներին 225 հազար դրամ կենսաթոշակ նախատեսող օրենքը, դիմել է նախաձեռնության հեղինակներին. - «Եթե հենց դուք` պատգամավորներդ, քաջություն չունեցաք օրենքով նվազագույն զամբյուղի չափ սահմանել` դիցուք մի 30 հազար դրամ շնչին, քանի որ պետության հնարավորությունները չէին հերիքելու այդ զամբյուղի հետեւից շնչահատ վազելու, էդ ո՞ր բյուջեից պետք է տարեկան մեկ միլիոն դոլարից շատ ավելի որպես կենսաթոշակ ծախսեք: Թե՞ ձկան խավիար ծամելով եք ուզում «էլիտարների» ձեր պատուհաններից նայել աղբամանները քրքրող մեր սոված ծերուկներին եւ այդպես բավարարել պատգամավոր լինելու ընթացքում ձեռք բերած սադոմազոխիստական հակումները»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG