Մատչելիության հղումներ

logo-print

Գիշերաշրջիկությունը կարելի՞ է համարել լուսնոտություն


Չին հոգեբանների կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ լուսնոտները մթության մեջ տեսնում են այն, ինչը չէին նկատի արթուն վիճակում, լսում են ձայներ, որոնք գրեթե անլսելի են եւ գնում են հիմնականում իրենց մտապատկերների ետեւից: Փաստորեն լուսնոտ մարդը տեսնում է ոչ թե զուտ պատկերներ, այլ երազներ:

Լուսնոտության երեւույթներ կարող են նկատվել նաեւ առողջ մարդկանց մոտ: Սակայն միշտ չէ, որ սա լուրջ պաթոլոգիայի հետ է կապված լինում: Պատճառը երբեմն տարբեր հուզական եւ հոգեկան լարվածություններն են լինում: Բայց, եթե դա արդեն կրկնվող երեւույթ է ու դարձել է մարդու համար բնորոշ, արդեն լուրջ ուշադրություն է պահանջում:

Լուսնոտ մարդու գիտակցությունը քնած է: Շրջապատից ստացած ընկալումների շուրջ նա գիտակցական վերլուծություններ չի անում: Լուսնոտ մարդը վախի զգացում չունի:

Ապացուցված է, որ լուսնոտները գիտակից վիճակում չեն հիշում իրենց արարքները: Գիտակցության խամրած եւ աղավաղված վիճակ է համարվում լուսնոտությունը: Սակայն չի բացառվում նաեւ, որ մարդու հոգեկանում՝ ենթագիտակցության մեջ, այդ տեղեկատվությունը ֆիքսված լինի, սակայն գիտակցական հիշողության մեջ չմնա:

Լուսնոտությունը, ըստ հոգեբանների, մարդու հոգեկան կյանքի ամենահանելուկային դրսեւորումներից մեկն է: Հոգեբանների կարծիքով, լուսնոտությամբ տառապում են հիմնականում մինչեւ 18 տարեկան երեխաները, իսկ ավելի հաճախ՝ 6-12 տարեկան տղաները: Հոգեբույժների հավաստմամբ, լուսնոտությունը ահազանգ է մարդու գլխուղեղի համակարգված գործունեության խանգարման մասին:

Խորհուրդ է տրվում երբեմն երեխաների քունը հսկել. նմանատիպ նախանշանների դեպքում չի կարելի անտարբեր մնալ: Երեխային պետք չէ նյարդայնացնել եւ բարդ ինտելեկտուալ խաղեր կամ խնդիրներ հանձնարարել: Երկար զբոսնելու, լողով զբաղվելու եւ հանգիստ հարմոնիկ վիճակ ապահովելու դեպքում երեխայի քունը համեմատաբար ավելի հանգիստ ընթացք կունենա:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG