Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկված 24 դատապարտյալներ հացադուլ էին սկսել` պահանջելով հանդիպում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Օրվա երկրորդ կեսին, սակայն, դատապարտյալները դադարեցրեցին հացադուլը:

Ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանը քրեակատարողական հիմնարկից «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ նախկին պետի օրոք ամեն ինչ նորմալ էր, իսկ հիմա խստացվել են ցմահ դատապարտյալների` ընտանիքների անդամների հետ տեսակցությունների թիվը, վատացել է սնունդը, բուժսպասարկման մակարդակը եւ այլն:

Ըստ կալանավորների, իրենց պահանջներն օրինական են, ինչի հետ համաձայն չեն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում եւ քրեակատարողական տեսչությունում:

Նախարարության քրեակատարողական վարչության պետ, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանի փոխանցմամբ, մասնավորապես, տեսակցությունների հարցով ոչ թե կարգն է փոխվել, այլ «տեսակցությունները եւ դատապարտյալի հետ վարվելակերպն ու վերաբերմունքը լրիվ անցել է օրենսդրական դաշտ»:

Վարչության պետն ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում է, թե մինչեւ օրս բոլոր տեսակցություններն իրականացվել եւ իրականացվում են:

Առողջապահության տեսանկյունից, վարչության պետի, հավաստմամբ, իրենք արձագանքում են բոլոր դիմումներին, եւ նույնիսկ եղել են դեպքեր, երբ դատապարտյալը բուժզննում է անցել քաղաքացիական հիվանդանոցում:

Ցմահ ազատազրկման դատապարտված Անուշավան Ղազարյանի մահվան կապակցությամբ, Աշոտ Մարտիրոսյանը նշեց հետեւյալը. - «Անուշավան Ղազարյանը բավականին ժամանակ գտնվում էր կենտրոնական հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ... Բազմաթիվ ու բազմատեսակ բուժումներից հետո նրան փրկելը անհնարին դարձավ: Անհրաժեշտության դեպքում ցանկացածին կարող ենք տրամադրել հիվանդության պատմությունը»:

Աշոտ Մարտիրոսյանը ամբողջովին անօրինական է համարում դատապարտյալների դժգոհությունը. - «Ավելին` վարչության ղեկավարությունը եւ հիմնարկի ղեկավարությունը չի պատրաստվում կատարել ոչ մի ցմահ դատապարտյալի անօրինական պահանջ»:

Արդարադատության նախարարության տեսչության պետ, գնդապետ Կառլեն Թորոսյանի գնահատմամբ եւս, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նոր պետ Վահան Մարգարյանը գործում է միմիայն օրենքի սահմաններում, սակայն, նրա բնորոշմամբ` իր բարձրության վրա չի եղել հիմնարկի նախկին պետ Արամ Սարգսյանը, որը «հանդուրժողական քաղաքականություն ուներ»:

«Եվ այսօր, երբ նոր պետը արդեն դրել է աշխատանքները օրենսդրական դաշտի վրա եւ խստորեն հետեւում է այդ օրենքների կատարմանը, արդեն հասկանալի է, թե ինչն է այսօր դժգոհության պատճառը», - եզրափակեց նա:

Երեկոյան արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Ոսկանյանը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` «նոյեմբերի 1-ի ժամը 19-ի դրությամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔՀ-ի թվով 24 դատապարտյալներ, որ նույն օրը մի քանի ժամ առաջ հացադուլ էին հայտարարել` օրենքով նախատեսված կարգով, իրենց դիմումի համաձայն դադարեցրեցին հացադուլը»:

Տեղեկություններ չկան, թե արդյո՞ք կատարվել են հացադուլավորների պահանջները:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG