Մատչելիության հղումներ

ՍՏՀԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը Օսկանյանը բարձրացրել է Կարս – Թբիլիսի երկաթուղու հարցը


Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր բացված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման շրջանակներում այսօր ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ բարձրացրել է Կարս - Ախալքալաք – Թբիլիսի երկաթուղու հարցը:

«Դրան ակնարկ եմ արել այսօր իմ ելույթում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Օսկանյանը: - «Որովհետեւ [Սեւծովյան տնտեսական համագործակցության] կազմակերպությունը լուրջ ծրագիր է ուզում իրականացնել` ստեղծել տրանսպորտային օղակ տարածաշրջանում: Եվ այս կոնտեքստում հարցը բարձրացվել է եւ բոլորի ուշադրությանն է հանձնվել, որ կա նման հատված երկաթգծի, որը քաղաքական պատճառներով չի օգտագործվում եւ փորձ է արվում դա փոխարինել: Ելնելով կազմակերպության համագործակցության ոգուց` մենք կարծում ենք, որ կազմակերպությունը ինքը պետք է խնդիր բարձրացնի Թուրքիայի առաջ, որ այդ հարցին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվի»:

«Օգտակար» որակելով ՍՏՀԿ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերը` Վարդան Օսկանյանը հավելեց. - «Խոչընդոտները շատ են` երկկողմ քաղաքական խնդիրները, որոնք, փաստորեն, սահմանափակումներ են ավելի մեծ համագործակցության: Բայց մեծ հաշվով, անհրաժեշտություն է մեր այստեղ լինելը եւ, ասեմ, որ իր օգտակարությունը ունի»:

Այսօր առավոտյան Վարդան Օսկանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել իր վրաստանցի եւ ռուսաստանցի գործընկերների հետ:

«Երկուսն էլ կարեւոր եւ օգտակար հանդիպումներ էին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը` փոխանցելով, որ Վրաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստան – Վրաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Ռուսաստան – Վրաստան հարաբերություններում վերջին զարգացումները:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG