Մատչելիության հղումներ

Ամերիկացի պրոֆեսորը շատ հավանական է համարում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի Կոնգրեսում


ԱՄՆ-ի կոնգրեսականները, ամենայն հավանականությամբ, կընդունեն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Այս մասին Անկարայում թուրք լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Քլայդ Ուիլքոքսը՝ պարզաբանելով, որ հաջորդ շաբաթ անցկացվելիք ընտրություններում դեմոկրատները մեծ հնարավորություն ունեն մեծամասնություն կազմելու ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներից գոնե մեկում:

Նոյեմբերի 7-ին ընտրվելու են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի 100 անդամներից 33-ը:

«Turkish Daily News» օրաթերթի փոխանցմամբ, պրոֆեսոր Ուիլքոքսը կանխատեսել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին կդառնա Պալատի խոսնակը եւ ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն անցկացնելու համար: Մինչդեռ, Պալատի ներկայիս խոսնակ Դենիս Հասթերթը քվեարկության չի դրել Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագծերից ոչ մեկը:

Արդյունքում, ըստ ամերիկացի պրոֆեսորի, Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն կընդունի, սակայն, ըստ նրա, դա չի նշանակի, որ ամերիկացիներն ունեն նման դիրքորոշում, կամ էլ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումն է փոխվել այդ հարցում:

Բանաձեւը գործողության մեջ մտնելու համար պետք է արժանանա Սենատի հավանությանը, ապա՝ ստորագրվի երկրի նախագահի կողմից, ինչը Ուիլքոքսը «մեծապես անհավանական» է համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG