Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, ՀՅ Դաշնակցությունն առաջիկայում իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին հրավիրելու է քաղաքական կոնսուլտացիաների` 2007-ի խորհրդարանական ընտրությունների օրինականությունն ու ընթացքը հսկելու համար բազմակուսակցական վերահսկողական շտաբ ստեղծելու առաջարկով: «Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, նման շտաբի ստեղծումը իմաստ կունենա, եթե դրան մասնակցեն եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր կուսակցությունները, այդ իսկ պատճառով իրենք բանակցելու են բոլոր կուսակցությունների հետ` թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական», - գրում է թերթը:

«Ընտրակաշառքը ձեւերից մեկն է» վերնագրի ներքո «Առավոտ»-ի խմբագիրն այսօր դիտարկել է. - «Ընտրություններում «իշխանության հաղթանակն ապահովելու հիմնական ձեւ է «թվեր նկարելը»՝ արձանագրության մեջ գրելով տվյալներ, որոնք խիստ տարբերվում են քվեատուփի մեջ իրական վիճակից... Հուսով եմ, որ այս անգամ ընդդիմությունը խոհեմություն կունենա` բոյկոտ չհայտարարելու եւ իր ներկայացուցիչներին բոլոր տեղամասերն ուղարկելու համար: Եթե ընդդիմադիր բոլոր կուսակցություններն ունենան ընդհանուր առմամբ 2000 տեղամասերի թվով անկաշառ ներկայացուցիչ, եւ ԵԱՀԿ-ն ուղարկի նույնքան թվով անկաշառ դիտորդ, ապա հնարավոր է, որ այդ ընտրությունները քիչ թե շատ տանելի անցնեն»: «Կա, իհարկե, ավելի հեշտ տարբերակ. այսօրվանից նստել եւ փնթփնթալ. «Մեկ է` կեղծելու են», - ամփոփել է թերթի խմբագրականը:

«Առավոտ»-ի հարցազրույցում Աջափնյակի համայնքապետ ընտրված Ռուբեն Հովսեփյանը հայտարարել է. - «Չեկան, քանի որ ընտրակաշառք չբաժանեցինք»:

«Հայք»-ի մեկնաբանն այսօր անդրադարձ անելով «Իրան - Հայաստան» գազատարի հայկական հատվածը Ռուսաստանին հանձնելու գործարքի հնարավոր հետեւանքներին, առանձնացրել է. - «Ռուսական կողմին զիջելով Իրան - Հայաստան գազամուղի մեր հատվածը՝ Հայաստանը լուրջ հարված հասցրեց իր հարեւանի եւ գործընկերոջ թիկունքից։ Բավականին մեծ գումարներ ներդնելով գազամուղի կառուցման գործում՝ իրանական կողմն անշուշտ հետապնդում էր եւ արտաքին քաղաքական հեռահար նպատակներ` Հայաստանի եւ մյուս հարեւանների միջոցով դուրս գալ եվրոպական շուկա՝ այլընտրանք դառնալով ռուսական գազի ներխուժմանը, տարածաշրջանում ավելի էժան գների եւ ծառայության որակի շնորհիվ գրավել գերիշխող դիրք»։ «Իրականում առաջ քայլի փոխարեն արվեց հետ քայլը։ Մենք փաստի առաջ կանգնեցրինք Իրանին, ինչն այդ երկրի ամբիցիոզ կառավարիչները չեն ների», - եզրափակել է մեկնաբանը։

«Կարծում ենք, բավականաչափ մշուշոտ են ընդդիմության նոր նախաձեռնության հեռանկարները, որը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրել բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում», - իր հերթին գնահատելով ընդդիմության շանսերը առաջիկա ընտրապայքարում`գրել է «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրը` շեշտադրելով. - «Հուսալ, թե ասենք՝ ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության», ՕԵԿ-ի կամ «Հանրապետության» առաջնորդներից մեկնումեկը կհաղթի իր ընտրատարածքում, նշանակում է անհուսալի լավատես լինել։ Եվ հետո, ինչո՞ւ են նրանք այդչափ ձգտում նորից ընկնել խորհրդարան։ Պատգամավորական կենսաթոշակների բարձրացումից հետո ուրիշ ի՞նչ իմաստուն որոշում են ուզում ընդունել։ ԱԺ-ի այգում բնակեցնել սիրամարգեր, պավիաններ ու այլեւայլ էկզոտիկա՞»։

Փաստելով, որ Հայաստանում միշտ էլ իշխանության համար մրցապայքարը ընթացել է բանակի եւ նախագահի նստավայրի միջեւ` «Տարեգիր» թերթի մեկնաբանն այսօր համադրել է. - «Պարզ նկատելի է, որ Քոչարյանի հովանավորած քաղաքական ուժերը իշխանության ներսում փոքրամասնություն են։ Ինչքան էլ նրանք կարտոֆիլ ու բանջարեղեն բաժանեն, չեն կարող հաղթել բանակի կողմից սատարվող ուժերին: Իզուր չէ, որ Հայաստանում պատգամավոր դառնալու ամենակարճ ճանապարհը սկսվում է պաշտպանության նախարարի կաբինետից եւ անցնում ոստիկանության տեղական բաժանմունքով։ Եվ իզուր չէ, որ մեծամասնականով հիմնականում պատգամավոր են դառնում հանրապետականները»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG