Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան նախաձեռնում է «ճգնաժամային բանակցություններ» Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով


Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները, Ֆինլանդիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիությունում, ընթացիկ շաբաթավերջին նախաձեռնում է «ճգնաժամային բանակցություններ»` կանխելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների տապալումը:

Նոյեմբերի 5-6-ին Ֆինլանդիայում անցկացվելիք հավաքին, dpa գործակալության փոխանցմամբ, ակնկալվում է Թուրքիայի եւ Հունաստանի, ինչպես նաեւ Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը:

Ֆինն դիվանագետները հրաժարվել են հաստատել կամ հերքել տեղեկատվությունը:

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը ներկայացնելու է Թուրքիայում իրականացվող բարեփոխումների ընթացքին նվիրված զեկույց, որը, ըստ Եվրամիության աղբյուրների, խիստ քննադատական է: Այն, մասնավորապես, փաստում է, որ Թուրքիան մինչեւ այժմ չի բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության նավերի ու օդանավերի համար:

Բարձրաձայնված է նաեւ խոսքի ազատության եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ապահովման ուղղությամբ «դանդաղ առաջընթացը»:

Ֆինլանդիայի նախաձեռնությամբ անցկացվելիք բանակցությունների ձախողման դեպքում դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովը կարող է սառեցնել անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG