Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի իշխանությունները հաղորդում են «վրացական դիվերսիոն խմբի» ոչնչացման մասին


Հարավային 0սիայի իշխանությունները հաղորդել են, որ այսօր վաղ առավոտյան Ջավսկի շրջանի Կվաիս գյուղի մոտակայքում հարավօսական անվտանգության ուժերը բացահայտել եւ ոչնչացրել են «վրացական 4-հոգանոց դիվերսիոն խումբ»:

Վրաստանի պաշտոնյաները պնդում են, թե որեւէ տեղեկություն չունեն այդ միջադեպի մասին:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Հարավային 0սիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին հաստատել է լուրը եւ հավելել, թե «դիվերսանտները մտադիր էին Հարավային 0սիայում անկախության հանրաքվեի նախօրեին իրականացնել ահաբեկչական գործողություններ»:

Նրա խոսքերով, թիրախների թվում կարող էին լինել Հարավային 0սիան եւ Ռուսաստանը կապող տրանսպորտային ուղիները:

Կոկոյտին այս միջադեպից հետո նաեւ հայտարարել է, որ մերժում է Վրաստանի ղեկավարության հետ բանակցելու առաջարկը:

Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, արձագանքելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ Կարել դե Գուխտի հորդորին՝ Կոկոյտիին առաջարկել էր հանդիպել Բակուրիանիում եւ քննարկել հակամարտության կարգավորման հարցը:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդման համաձայն, Հարավային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարար Բորիս Չոչիեւն ավելի ուշ պարզաբանել է, որ սպանված դիվերսանտները չեչեններ են՝ փաստորեն սրբագրելով այսօր ավելի վաղ իր արած հայտարարությունը սպանվածների վրացի լինելու մասին:

«Մենք պարզել ենք, որ դիվերսանտները չեչեններ են: Նրանք Հարավային Օսիա են ներթափանցել Վրաստանից՝ Պանկիսի կիրճից», - ասել է Չոչիեւը եւ հավելել. - «Մենք գիտենք, որ վրացիները վարձում են չեչեններին Հարավային Օսիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG