Մատչելիության հղումներ

«1992-ից ի վեր Հայաստանից հեռացել է մինչեւ 1 միլիոն մարդ»


Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը երեկ ասաց, որ 1992 թվականից ի վեր երկրից հեռացել է 900 հազարից մինչեւ 1 միլիոն հայաստանցի:

Գործակալությանը պետը ավելացրեց, սակայն, որ սկսած 2001 թվականից արտագաղթի ցուցանիշը մեր երկրում «գրեթե զրոյի է հասել»: Այդուհանդերձ, տարեկան մոտ 8 հազար հայաստանցի շարունակում է, Եգանյանի ձեւակերպմամբ` «հանձնվել եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին»:

«Այդ «լեգենդները» շատ լավ ուսումնասիրված են հատկապես եվրոպական երկրներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եգանյանը: - «Անգամ խմբավորված են»:

Նրա մատուցմամբ, այդ 5-6 խմբերը կազմում են խառը ամուսնությունները, Եհովայի վկաները, սեռական փոքրամասնությունները եւ այլն. - «Նրանք արդեն այնքան են խորացել այս բաների մեջ, որ երբ մարդը սկսում է [պատմել], ասում են` սա առաջին լեգենդի շրջանակներում պատմվող հեքիաթ է...»:

Նրա փոխանցմամբ, հայերի հորինած լեգենդները «շատ լավ բացահայտված են»:

Միգրացիայի գործակալությունը, ինչպես փոխանցեց Եգանյանը, տվյալներ չունի, թե Հայաստանից մեկնողների քանի տոկոսն է մերժում ստանում եւ արտաքսվում:

«[Եղածը] ԱԳՆ-ի տվյալներն են», - ասաց նա` հավելելով. - «Խոսքը, համենայն դեպս, հազարների մասին չէ»:

Գագիկ Եգանյանը անհնար է համարում արտագաղթի դեմ պայքարելը միայն իր ղեկավարած գործակալության համեստ ուժերով:

Հարցին, թե արդյոք կառավարությունը մշակում է ծրագրեր՝ աջակցելու արտասահմանում գտնվող եւ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներին, Միգրացիայի գործակալության պետը պատասխանեց, թե, իր կարծիքով, գերադասելի է հնարավորության դեպքում Հայաստանում մնացածներին օգնելը. - «Եթե դու ունես միջոց` տալ ինքնաթիռի տոմսակներ գնել ու մարդկանց վերադարձնե՞լ, թե՞ դրա փոխարեն, ասենք, տասնյակ կենսաթոշակառուների թոշակները բարձրացնել... Ես, որպես քաղաքացի, երկրորդ ուղղության կողմնակից եմ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG